Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը

Արդեն իսկ բարձրացվել են ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցներին, դասախոսների, ինչպես նաև առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ.–ի հուլիսի 1–ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 000 մարդու աշխատավարձ է բարձրացել, ևս 200 000 մարդու աշխատավարձը դեռ կբարձրանա` Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում։ Պաշտոնավարման 1 տարին ամփոփելով` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ նա 100 փաստ է թվարկում նոր Հայաստանի մասին։

Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

«Բացի այդ, ի հեճուկս ստորագրված պայմանագրի` խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Իսկ սոցիալապես անապահով խավերի համար 10 և 20 դրամով նվազել է բնական գազի և էլեկտրաէներգիայի գինը։ 2018–ի հուլիսի 1–ից և 2019-ի հունվարի 1–ից շուրջ 30 տոկոսով բարձրացվել են առաջնային օղակի` ավելի քան 10 000 բուժաշխատողների աշխատավարձերը։ Երևանի և մարզերի 15 000 առաջնային օղակի բուժաշխատողներ էլ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական փաթեթից»,–ասաց վարչապետը։

Նա հայտնեց նաև, որ հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել են աշխատակիցների աշխատավարձը` ընդհանուր առմամբ 2600 դասախոսի։

Ըստ վարչապետի` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 1650 աշխատակիցների աշխատավարձերը 16 տոկոսով բարձրացվել են, իսկ մայիս ամսին 27 տոկոսով կբարձրանա բարձրավոլտ էլեկտրացանցերի 650 աշխատակիցների աշխատավարձը։

Անդրադառնալով ոստիկանների վարձատրությանը` Փաշինյանը նշեց, որ ներդրվել է նրանց աշխատանքի վարձատրության բնագավառում ամսական պարգևատրման համակարգ։ «Սրա արդյունքում 2019–ի առաջին ամիսներին ըստ դրույքաչափի 25-27 տոկոս պարգևավճարներ են հատկացվել։ Ներդրվել է աշխատանքի արդյունավետության նոր համակարգ, համաձայն որի հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ ամսական աշխատավարձը 2-3 անգամ գերազանցող պարգևավճարներ»,–ասաց նա։

ԱԱԾ–ի աշխատակիցների աշխատավարձը նույնպես ավելացել է շուրջ 30 տոկոսով։