Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Էդուարդ Համբարձումյանին

Էդուարդ Համբարձումյանը ծնվել ու մեծացել է Երևանում, բայց ճակատագրի բերումով հայտնվել է Բրյանսկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Բրյանսկի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնում է Բրյանսկի մարզպետարանի կայքը։

«Ռուսաստանի Դաշնության նախագահի «Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակներ շնորհելու մասին» 29.04.2019–ի № 199 հրամանի համաձայն` Էդուարդ Համբարձումյանը պարգևատրվում է հայրենական մշակույթի ու արվեստի մեջ ունեցած մեծ ներդրման, երկար տարիների բարեբեր գործունեության համար։ Այդ կապակցությամբ Էդուարդ Համբարձումյանին շնորհավորել է Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը», – նշված է հաղորդագրության մեջ։

Էդուարդ Համբարձումյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 12-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Experimental Duo–ի երաժիշտները հայտնի երգերին նոր շունչ են տալիս քանոնով. տեսանյութ

1988 թվականին Մոսկվայում դարձել է երիտասարդ կոմպոզիտորների Համամիութենական մրցույթի դափնեկիր:

Ուսման տարիներին` 1989–1993 թվականին, եղել է Երևանի կոնսերվատորիայի կամերային նվագախմբի դիրիժորը, 1991 թվականից` Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի, նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիրիժորը։

Առաջին անգամ Բրյանսկ է մեկնել 1993 թվականին: Բրյանսկում գրեթե 8 տարի եղել է դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավարը։ Զուգահեռ աշխատել է Բրյանսկի քաղաքային կամերային նվագախմբում:

1999 թվականի նոյեմբերին Էդուարդ Համբարձումյանին հրավիրել են Մակեդոնիայի ազգային օպերայի և բալետի թատրոն որպես Մակեդոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։