ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու ԿԳ նախարարի հրահանգի մասին մամուլում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,– գրել է նա։
Հիշեցնենք` «Ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ մարզային դպրոցներում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով տնօրեններին ստիպում են աշխատանքից դուրս գալու դիմումներ գրել։