Սիրիահայերին սիրում և հարգում են Սիրիայի իշխանությունն ու ժողովուրդը.հյուպատոսն ասաց`ինչու

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը Sputnik Արմենիային պատմել է Սիրիայում տիրող վիճակի ու հայ համայնքի կյանքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սիրիահայերի, մասնավորապես, հալեպահայության կյանքին, հետպատերազմական խնդիրներին, ինչպես նաև Հալեպում Հայաստանի հյուպատոսության աշխատանքներին։ Դիվանագետի խոսքով` պատերազմի հետքերն առավել շոշափելի և ակնհայտ են Հալեպ քաղաքում։

«Երևի թե, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ պատերազմի հետևանքով ամենից շատ տուժել է Հալեպը։ Ամենածանր տարիներին, երբ քաղաքը ենթարկվում էր ուժգին հրթիռակոծությունների և հրետակոծությունների, հալեպահայ համայնքը ջանքեր էր գործադրում պահպանելու ազգային իր դիմագիծը»,-ասում է Սարգսյանը։ Գլխավոր հյուպատոսի խոսքով` ներկայում վիճակն անհամեմատ ավելի լավ է։

Քեսաբի գյուղերից մեկը հրթիռակոծվել է, վիրավորները հայեր են

«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ համայնքային բոլոր կառույցներն աշխատում են ամբողջ թափով ու ծավալով։ Հատկապես բարձր է ազգային հայրենասիրական ոգին և ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը»,-փաստում է Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով` պատերազմական Հալեպի համար զարմանալիորեն բազմազան ու բազմապիսի են մշակութային միջոցառումները, որոնց հիմքում, անշուշտ, ընկած է հայապահպանությունն ու սերը դեպի մայր հայրենիքը։ «Ըստ էության, պետք է փաստել, որ հալեպահայությունը թևակոխել է ինքնակազմակերպման ու զարթոնքի նոր փուլ։ Անվտանգության այսօրվա պատկերը որևէ աղերս չունի Հալեպի ազատագրումից առաջ գոյություն ունեցած վիճակի հետ»-նշում է դիվանագետը։

Վիճակը դեռ ծանր է մնում հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում, որոնք դեռ գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ: Արմեն Սարգսյանը պատմում է, որ այս շրջաններում հաճախեն տեղի ունենում հրթիռակոծություններ, որոնց հետևանքով նյութական կորուստներից բացի, ցավոք, զոհվում են նաև սովորական անմեղ քաղաքացիներ:

Սիմոն Մարտիրոսյանը խաղալիքներ է նվիրում Հալեպի փոքրիկներին

Այս շրջանները, սակայն, բավական հեռու են Հալեպի հայաբնակ թաղամասերից ու Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից, ինչի շնորհիվ հայկական հատվածը առավել անվնաս միջավայրում է գտնվում:

«Ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ վիճակը վերահսկելի և կառավարելի է իշխանությունների կողմից: Եվ աշխատանքներ են տարվում վերոհիշյալ շրջանները զինյալ խմբավորումներից ազատագրելու ուղղությամբ»,- ասաց Սարգսյանը:

Ազգային առաջնորդարանի տվյալներով` Բերիո թեմի տարածքում, որն ընդգրկում է Հալեպն ու հյուսիսային շրջանները, Սիրիայի ծովեզերքն ու ծովեզրյան շրջանները հայերի թիվը հասնում է մինչև 15 000-ի:

«Առանձին դեպքերում սիրիահայերը վերադառնում են իրենց անշարժ գույքը վաճառելու կամ, երբեմն, իրենց հարազատներին տեսակցելու նպատակով, բայց, ինչպես դիվանագետն է ասում` նման դեպքերը կազմակերպված ու սիստեմատիկ բնույթ չեն կրում, հետևաբար, ներգաղթի մասին խոսք լինել չի կարող: Հալեպահայերի համար ապագայի տեսլականը կապված է հայրենիքի` Հայաստանի հետ»,-նշում է գլխավոր հյուպատոսը։

Ինչպես նախկինում, այսօր էլ հայության անունը Սիրիայում շատ բարձր պանվանդանի վրա է, ինչի համար, անշուշտ, պարտական ենք սիրիահայ քույրերին ու եղբայրներին:

«Հայասիրությունն ու հայ ժողովրդի նկատմամբ կարեկցանքի բազմապիսի դրսևորումները սկիզբ են առել դեռևս գաղթականության առաջին սերնդի տարիներից։ Տասնամյակների ընթացքում, ծնվելով և ապրելով Սիրիայում, այդ նույն գաղթականության բազմաթիվ սերունդներ, իրենց ազնիվ աշխատանքով ու նվիրվածությամբ առհավետ փառավորեցին իրենց ծնողների պայծառ հիշատակը` բարձ պահելով հայի անունն ու նկարագիրը: Նույնիսկ պատերազմի տարիներին, առավել ևս հիմա` հարգանքի այդ գիտակցումը շարունակում է գերիշխող մնալ Սիրիայի կառավարության մեջ, առավել ցայտուն և ընդգծված` իշխանությունների աշխատանքում ու վերաբերմունքի մեջ։ Այս առումով վստահաբար կարող ենք ասել` որ սիրիահայությունը վայելում է թե՛ ժողովրդի և թե՛ իշխանությունների վստահությունն ու խորը հարգանքը»,- ասում է Արմեն Սարգսյանը:

Հայկական եռագույնը օծվեց սիրիական Հալեպում

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը 2018թ.-ի հունվարի 1-ից վերադարձել և գործում է հիմնական կեցավայրում: Պատերազմի թեժ տարիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հյուպատոսության գործառույթները ժամանակավորապես իրականացվում էին վարձակալված տարածքում, որը գտնվում էր հայաբնակ Վիլլաթ թաղամասում:

Այժմ հյուպատոսությունն աշխատում է ամբողջ թափով` հյուպատոսական զանազան ծառայություններ մատուցելով հալեպահայությանը: Եռամսյակը մեկ անգամ տեղի են ունենում հյուպատոսական արտագնա ընդունելություններ` հիմնականում Լաթաքիայում ու Քեսաբում, որոնց նպատակը Արմեն Սարգսյանի բնորոշմամբ` «մեր հայրենակիցների հոգսն ինչ- որ չափով թեթևացնելն ու նրանց օգտակար լինելն է»:

Իր գործունեության ընթացքում Հայաստանի հյուպատոսությունն ամեն վայրկյան զգում է իշխանությունների աջակցությունը` ամենօրյա աշխատանքների իրականացման մեջ: