Քոչարյանի և մյուսների գործով նոր դատավորը գործից չի հրաժարվի. «Ժողովուրդ»

Դատական համակարգում խոսակցություններ կան, թե դատավորներին ասվել է` եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և անխուսափելիորեն պատժելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մարտի 1-ի գործով նոր նշանակված դատավորն ինքնաբացարկ չի ներկայացնի։ Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` հիշեցնելով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Մարտի 1»-ի քրեական գործով նոր դատավոր է նշանակվել Դավիթ Գրիգորյանը, այն բանից հետո, երբ նախորդ դատավորը՝ Վարդան Գրիգորյանը, ինքնաբացարկ էր հայտնել:

Դատախազությունը պատասխանեց Արցախի նախագահների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին

Թերթի տեղեկություններով, «դատավորների ինքնաբացարկի թեման դատական համակարգում քննարկումների առիթ է հանդիսացել, և նշվել է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկից հետո գործը մակագրվի մեկ այլ դատավորի, և եթե նա անհիմն ինքնաբացարկ հայտնի, ապա դա կլինի դատական համակարգի ամոթը»:

Ըստ թերթի` դատական համակարգում նաև խոսակցություններ կան այն մասին, որ եթե դատավորները «Մարտի 1»-ի քրեական գործով անհիմն ինքնաբացարկ հայտնեն, ապա կբարձրացվի նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և անխուսափելիորեն պատժելու հարցը:

Արդյունքում, խաղի կանոնները հստակեցնելուց հետո գործը մակագրվել է Դավիթ Գրիգորյանին, ով և հայտնել է, որ ինքնաբացարկ չի հայտնելու և կքննի քրեական գործը: