ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել համագործակցությունը ցանկացած իրական ներդրողների հետ, որոնք պատրաստ են ներդրում անել «Նաիրիտ» գործարանի մեջ։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած ներդրումային ծրագրեր, որոնք կապված են «Նաիրիտի» վերագործարկման հետ, եթե ներդրումն իրական լինի։ Եթե այդպիսին լինի, հայտնեք ինձ ։ Ինձ դեռ դրա մասին ոչինչ չեն ասել», – ավելացրեց նա։
«Նաիրիտը» Խորհրդային Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից է։ Գործարանը չի աշխատում 2010թ.–ի ապրիլից։ Այս տարիների ընթացքում գործարան են այցելել ռուսական «Ռոսնեֆտ» կորպորացիայի ու իտալական Pirelli–ի ներկայացուցիչները, սակայն ներդրողներ դեռ չեն եղել։
Այժմ չգործող գործարանը պետությանն է պատկանում։ «Նաիրիտը» պարտքեր ունի «Գազպրոմ Արմենիային», «Հայաստանի էլեկտրացանցներին», Երևան ՋԷԿ–ին և պետբյուջեին։ Պարտքերը մարվում են գործարանի գույքի վաճառքի հաշվին։ Կառավարությունը վստահեցնում է, որ միայն ոչ արտադրական գույքն է վաճառվելու։
Սլովակիայում բնակվող գործարար Աշոտ Գրիգորյանը վերջերս հետաքրքրվել է գործարանով։ Նա պնդում է, որ կարող է ներդրողների գրավել արտադրությունը վերսկսելու ու հազարավոր աշխատատեղեր ստեղծելու համար։