Պատերազմի հավանականություն կա՞. Փաշինյանն ասաց, թե ինչ են խոսում Ադրբեջանի նախագահի հետ

Վարչապետը հիշեցրեց, որ իր և Ադրբեջանի նախագահի միջև հաղորդակցության ուղիներ են հաստատված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի և եթե ամեն օր կրակոցներ ենք ունենում, նշանակում է` մենք պատերազմական, կիսապատերազմական վիճակում ենք։ Պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում մոտ ժամանակներում պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը։

Փաշինյանի հարցը Սերժ Սարգսյանին. ի՞նչ է ուզում նա ճշտել նախկին նախագահից

«Վերջին երկու ամսվա ընթացքում որոշ օրերի լարում է նկատվում, սակայն, ընդհանուր առմամբ, կայունությունը և հանդարտությունը որ կար, պահպանվում է։ Քանի դեռ հարցը չի կարգավորվել, իրավիճակը չի էլ փոխվելու, այդ ինֆորմացիան բոլորս` ես, ՊՆ–ն և մյուսները, ի գիտություն ենք ընդունել։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասկանալ` ինչ է կատարվում և ինչու է կատարվում։ Մեր վիրավոր զինվորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,–ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ իր և Ադրբեջանի նախագահի միջև հաղորդակցության ուղիներ են հաստատված։ Փաշինյանի խոսքով` այս շրջանում ինքը փորձում է հասկանալ` ինչ է կատարվում։ Նա հայտնեց նաև, որ Ադրբեջանի նախագահի հետ ինֆորմացիաներ ու մտահոգություններ են փոխանակում։ «Ինչպես միշտ, կան փոխադարձ մեղադրանքներ։ Ադրբեջանական կողմը նույնպես որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ դեպքեր են արձանագրվում և մտահոգություններ կան։ Ես փորձում եմ նաև պարզել` արդյո՞ք կողմերից մեկն ունի կամ տվել է հրաման ապակայունացնելու իրավիճակը և եթե ոչ` ինչու է ապակայունանում իրավիճակը»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը թեմայի շուրջ իր խոսքն ամփոփեց` ասելով, որ Ադրբեջանի նախագահի միջև հաղորդակցության արդյունքում հայկական կողմն իր եզրակացությունները կանի։