Փաշինյանը թվարկեց քրեական գործերով անցնող պաշտոնյաներին

ՀՀ վարչապետն ամփոփիչ ասուլիսում խոսեց նաև հարուցված աղմկահարույց քրեական գործերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. 2018-19թթ–ին Հայաստանում քրեական գործերով որպես մեղադրյալ են ներգրավել ՀՀ պաշտոնաթող նախագահը, նախկին փոխվարչապետը, պաշտոնաթող պաշտպանության նախարարը, ԳՇ նախկին պետը, նախկին բնապահպանության նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը, 2 գործող փոխնախարար, ՊՎԾ պետը և բարձրաստիճան այլ նախկին ու ներկա պաշտոնյաներ։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան

«Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով, այլ ուղղակի որպես աննախադեպ վիճակագրական փաստ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ ինքն անձամբ է ներկայացել դատարան` որպես վկա, ինչն աննախադեպ երևույթ է։

Ինչ վերաբերում է 2018թ.–ից ի վեր բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերին, Փաշինյանը նշեց, որ հարուցվել է 1446 քրգործ, որոնցով պետությանը հասցված վնասը կազմել է 89.3 մլրդ դրամ։ Այդ գումարից 32 մլրդ–ն արդեն վերականգնվել է, իսկ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով առկա է ունեցվածքի վրա դրված կալանք։

2018թ.–ին կոռուպցիոն հանցագործությունների փաստով հարուցված քրեական գործերը 2017–ի նույն ցուցանիշն աճել է 691-ով, կամ ավելի քան 100 տոկոսով։