Մոսկվայում մահացել է «Ումկա» և «Արձակուրդներ Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերի կոմպոզիտորը

Պրոստոկվաշինոյի մասին մուլտֆիլմերի և խորհրդային մի շարք կինոնկարների երաժշտության հեղինակ Եվգենի Կրիլատովը 85 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Խորհրդային և ռուս կոմպոզիտոր Եվգենի Կրիլատովը մահացել է 85–րդ տարեկանում։ Այդ մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

Կրիլատովի դուստրը պատմել է, որ կոմպոզիտորը մահացել է հիվանդանոցում երկկողմանի թոքաբորբի պատճառով։

Ստեղծագործական գործունեության երկար տարիների ընթացքում Կրիլատովը ստեղծել է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, էստրադային ստեղծագործություններ, երաժշտություն դրամատիկական թատրոնի, ռադիոյի և հեռուստատեսության համար։ Նա աշխատել է ականավոր բանաստեղծներ Յուրի Էնտինի, Բելլա Ախմադուլինայի, Իլյա Ռեզնիկի, Ռոբերտ Ռոժդենստվենսկու և ուրիշների հետ։

Եվգենի Կրիլատովը հայտնի է որպես ավելի քան 160 խորհրդային ֆիլմերի և մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ, որոնց շարքում են «Ումկա», «Արձակուրդներ Պրոստոկվաշինոյում», «Հրաշագործները», «Էլեկտրոնիկի արկածները» և այլն։