ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հանդիպման ժամանակ ապրիլի 24–ին Մոսկվայում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշեց, որ բանակցությունների ընթացքում Լավրովը հայտնել է Գրեմինգերին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին, որը կայացել է Մոսկվայում ապրիլի 15–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։
Մասնավորապես, ռուս նախարարը նշել է, որ հանդիպման արդյունքում հումանիտար ոլորտում միջոցների կիրառման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսպես` Հայաստանի ու Ադրբեջանի բնակչության միջև շփմանն ուղղված գործնական քայլերի հնարավորությունն է քննարկվել։ Խոսվել է նաև համատեղ, այդ թվում նաև մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ ուղևորությունների կազիմակերպման մասին։
Կողմերը հետաքրքրություն են հայտնել հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացմանը, մասնավորապես` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։
Գրեմինգերն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ–ն կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Ապրիլի 25–ին պատասխանելով նույն հարցին, Զախարովան ասել էր, որի չի տիրապետում Լավրով– Գրեմինգեր հանդիպման մանրամասներին։
Հիշեցնենք, ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Կողմերը քննարկել են իրավիճակը շփման գծում, նաև հումանիտար ոլորտում փոխներգործություն հարթելու հեռանկարները։