ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Կառավարությունը գազի գնի հաշվարկում չի սխալվել։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին, թե ինչու է գազը կիլոգրամով վաճառքի անցնելուց հետո թանկացել։
Ինչու էր մինչև հիմա սեղմված գազը վաճառվում խմ-ով. պարզաբանում է մասնագետը
Վարչապետը հայտնեց, որ այդ հարցն ինքը քննարկել է ՊԵԿ–ի ու շուկայի վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարների հետ, և նրանք վստահեցրել են, որ կառավարության բոլոր հաշվարկներն այս հարցով ճիշտ են եղել։
Միաժամանակ, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ուսումնասիրություններով, Հայաստանի գազալցակայանների 70 տոկոսում պրոբլեմ չկա, կա 30 տոկոսում։
Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչ խնդիրներ են, բայց նշեց, որ համապատասխան մարմինները փորձում են պարզել իրողությունը։
«Շուկայի վերահսկողության մարմինը շուրջ 10 մլրդ դրամի ակտ ունի գրած գազալցակայանների նկատմամբ։ Իհարկե, դրանք վիճարկվում են դատարաններում, ու վերջնական որոշումներ կայացվելու դեպքում մենք կհասկանանք, թե դա ինչ է»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ կգանձվի, համապատասխանաբար ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։
Գազի գինը դրա արդյունքում, կառավարության հաշվարկով, չպիտի փոփոխվեր։ Բայց վաճառքի կարգի փոփոխությունից անմիջապես հետո վարորդները պարբերաբար դժգոհում էին, որ գազալցակայաններն իրականում թանկացրել են գազը։