ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Մշակույթի նախարարության` օպերայի թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու գրությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղարկել է արդարադատության նախարարություն` իրավական փորձաքննության։ Այսօր իր պաշտոնավարման 1 տարին ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փաշինյանը։
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։
«Արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել է, մյուս մասը չի ընդունել։ Իրենց իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումն ապօրինի է եղել, այսինքն` որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնին, դեռ ուժի մեջ մտած չի եղել»,–ասաց վարչապետը։
Նա հայտնեց նաև, որ, ինչպես խոստացել էր, առաջիկայում կհանդիպի թատրոնի ներկայացուցիչների հետ և կորոշեն` ինչպես են իրավիճակից դուրս գալու։
Նկատառմանը, թե Փաշինյանն ասել էր, որ եթե պարզվի, որ մշակույթի նախարարության փաստաթղթում որևէ փաստ չհամապատասխանի իրականությանը, այդ թղթի հեղինակը տեղում աշխատանքից կազատվի` Փաշինյանն արձագանքեց` ասելով, որ ինչ ասել է` ուժի մեջ է։
Հիշեցնենք` թատրոնի աշխատակիցները երեկ ասուլիս էին հրավիրել և ասել, որ Փաշինյանին ոչ հավաստի տեղեկություններ են հաղորդում թատրոնում տիրող իրավիճակի մասին։ Նրանք հանդիպում են պահանջում և հույս ունեն, որ Կոնստանտին Օրբելյանը կրկին կստանձնի տնօրենի պաշտոնը։