Այսօրը պատմության մեջ. մայիսի 8

Թե ինչ արժանահիշատակ դեպքեր են գրանցվել մայիսի 8-ին և ինչ հայտնի մարդիկ են լույս աշխարհ եկել հենց այս պատմական օրը ներկայացնում է Sputnik Արմենիայի «Այսօրը» սյունակը:
Sputnik

Ավելի արդարացի կլիներ, իհարկե, գրել այս պատմական օրը: Հարկավ, Երկրորդ աշխարհամարտում ընդգրկվող Հայրենական մեծ պատերազմում (1941-45) տարած Հաղթանակի օրը վաղն է՝ Մայիսի 9-ին: Եվ մեր հաղթող պապերի արժանի ժառանգորդ ռազմիկների փայլուն նվաճման՝ Շուշիի ազատագրման օրն էլ Մայիսի 9-ին է: Բայց երկու դեպքում էլ նախօրեն, այս դեպքում՝ մայիսի 8-ը պատմական օր է: Մայիսի 9-ը նշվում է նաև որպես եռատոն, քանզի թվարկված իրադարձություններին միանում է նաև Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը:

Ամենից առաջ նշենք. մայիսի 8-ը մեր հայրենիքում տոնական է՝ Երկրապահի օրն է: Հայաստանի որևէ քաղաքացու կամ որևէ հայ մարդու, որտեղ էլ նա լինի, հազիվ թե կարիք կա բացատրել, թե ովքեր են երկրապահ-ազատամարտիկները և ինչու է մայիսի 8-ին նշվում Երկրապահի օրը:

Ուսուցիչ դառնալ չվիճակվեց. ինչպես լեյտենանտ Գրիգորյանն իր կյանքի գնով փրկեց հրամանատարին

Մայիսի 8-ի գիշերը հայկական ինքնապաշտպանական ուժերը, արդեն լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևորսյանի՝ Կոմանդոսի ընդհանուր հրամանատարությամբ, չորս ուղղություններից մեկնարկած հարձակողական մանևրով սկսեցին «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունը, որը մայիսի 9-ին պսակվեց Շուշիի ամբողջական ազատագրմամբ: Պատմության մի տևական շրջանից հետո, այդ փուլում գերազանցապես ազատամարտիկ-կամավորականների ջոկատներից կազմված ռազմական ուժերը հակառակորդից հայկական քաղաք ազատագրեցին: Իսկ հաջորդող օրերին, զարգացնելով ռազմական հաջողությունը, մեր մարտիկները կարողացան ապահովել նաև Արցախի ու Հայաստանի Հանրապետության կայուն ցամաքային կապը: Դեպքերի ընթացքն առավել ամփոփ և համակողմանի ներկայացված է գրող, ազատմարտիկ Հովիկ Վարդումյանի վավերագրահրապարակախոսական «Շուշիի ազատագրումը» գրքում:

Շուշիի ազատագրումը, բացի բուն փաստից, շրջադարձային ռազմաքաղաքական ու բարոյահոգեբանական նշանակություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանության ու ազատամարտի համար:

Ես իմ գործն եմ արել, դա հերոսություն չէ. այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է

Իսկ 74 տարի առաջ՝ 1945 թվականի մայիսի 8-ին Բեռլինում, ավելի ստույգ՝ Կարլսխորստե արվարձանում ֆաշիստական Գերմանիայի գերագույն հրամանատարության անունից հանդես եկող Կեյտելը և մյուսները ստորագրեցին անվերապահ կապիտուլյացիայի ակտը՝ մարշալ Ժուկովի և ԽՍՀՄ դաշնակից ուժերի հրամանատարության զինվորական լիազորված ներկայացուցիչների ներկայությամբ: Այդպիսով արձանագրվեց հիտլերյան Գերմանիայի պարտությունն ու փաստացի՝ «Երրորդ ռեյխի» վերջը:

Ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ԽՍՀՄ-ում հայտարարվեց արդեն մայիսի 9-ին, ինչպես հայտնի է՝ ռադիոյով, լեգենդար հաղորդավար Լևիտանի մատուցմամբ:

Այսօրը պատմության մեջ. մայիսի 8

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու արևմտաեվրոպական մի շարք այլ պետություններ Հաղթանակի օրը կամ Գերմանիայի կապիտուլյացիայի օրը նշում են հենց մայիսի 8-ին: Իսկ 2004-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 8-ը և 9-ը հռչակեց նաև որպես Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակի և հաշտության օրեր:

Ի դեպ, ժամանակակից Գերմանիայում մայիսի 8-ը նշվում է որպես նացիստական բռնապետությունից ազատվելու օր:

Հավելենք, որ մայիսի 8-ը նաև Կարմի խաչի ու Կարմիր մահիկի համաշխարհային օրն է՝ ի հիշատակ և ի պատիվ կազմակերպության ստեղծման նախաձեռնող շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ Ժան Անրի Դյունանի, ով մայիսի 8-ին է ծնվել (1828-1910):

Մայիսի 8-ը արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանի (1851 - 1908) ծննդյան օրն է:

Նույն օրն է ծնվել նաև ճարտարապետ Էդուարդ Արևշատյանը (1926-2007), որ, նկատենք, Մատենադարանի երկարամյա տնօրեն Սեն Արևշատյանի (1928-2014) եղբայրն է:

Ինչ վերաբերում է պատմական դեպքերին, ապա կարելի է, օրինակ, նշել, որ 1713 թվականին Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ:

Իսկ պատմական դեմքերից, որ ծնվել են մայիսի 8-ին, արժե այս անգամ առանձնացնել ԱՄՆ 33-րդ նախագահ Հարրի Թրումենին (1884-1972), ով պաշտոնավարել է 1945-53 թվականներին: Նա առաջին ու, բարեբախտաբար, դեռևս միակն է, որպես պետության ղեկավար, որ ոչ միայն կողմ է եղել, այլև նախաձեռնել ու, հանրագումարում կարգադրել է գործածել միջուկային ռումբ: Հասկանալի է, որ խոսքը Երկրորդ աշխարհամարտի վերջնամասում՝ 1945թ օգոստոսի 6-ին և 9-ին ԱՄՆ կողմից Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբահարման մասին է, ինչի հետևանքով հաշված րոպեների ընթացքում զոհվեցին տասնյակ ու տասնյակ հազարավոր ճապոնացիներ, գերազանցապես՝ խաղաղ բնակիչներ: Դա, ընդգծենք, զանգվածային ոչնչացման նման զենքի՝ միջուկային ռումբի մարտական գործածման առայժմ միակ, ու տա Աստված՝ վերջին օրինակն է:

Խաղաղություն ամենեցուն:

Ի դեպ, մեկ տարի առաջ ճիշտ այս օրը՝ 2018թ.-ի մայիսի 8-ին, «Թավշյա հեղափոխություն» իրականացնելուց հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ:

Այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։