«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ի փոքր հանրապետություն է, սակայն դա չի խանգարել երկրին մեծ ներդրում ունենալ Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի գործում։ 99 հերոսների շարքում եղել են երեք մարշալ ու մեկ ծովակալ։ Sputnik Արմենիան այդ մեծանուն մարդկանց կյանքից հետաքրքիր պատմություններ է ներկայացնում։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Ֆաշիզմի դեմ պատերազմում հայերը, սկսած շարքայինից, վերջացրած մարշալով, խիզախ զինվորների անմար փառքով անմահացրել են իրենց անունները։ Սրանք խորհրդային զորահրամանատար Գեորգի Ժուկովի խոսքերն են։

Մեծ Հայրենականի տարիներին «մարշալի» կոչման են արժանացել երեք հայեր` Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանն ու Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։ Եվ մեկ հայ էլ` Իվան Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյանը) ծովակալ դարձավ։ Ի դեպ, տորմիղի բարձր կարգի միայն երեք ծովակալ է եղել` Իսակովը, Կուզնեցովն ու Գորշկովը։ Հատկանշական է, որ երեքն էլ ծնունդով Արցախից էին։

Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի զինվորականների կենսագրությունների քիչ հայտնի փաստերը։

Հովհաննես Բաղրամյան

Հայտնի է, որ ապագա մարշալը ծնունդով արցախյան Չարդախլու գյուղից էր։ Նույն գյուղից էր նաև Համազասպ Բաբաջանյանը: Դա անհասկանալի մի բան է, քանի որ աշխարհում չկա ոչ մի բնակատեղի, նույնիսկ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տված լինի։ Այդ պատճառով գյուղն անվանում էին «մարշալական»։

Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Անդրկովկասյան թուրքերը հնուց հարձակումների էին ենթարկում այդ հայկական գյուղը։ Թշնամական միջավայրում պետք էր գոյատևել, այդ պատճառով տղաներին փոքր տարիքից ներշնչում էին` նրանք պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։

Բաղրամյանի համագյուղացին հարցազրույցներից մեկում ասել է, որ ապագա մարշալը, լինելով 14 տարեկան, կռվել է հարևան գյուղից իրենից ավելի հսկա և տարիքով մեծ տղամարդու հետ։ Եվ նա չի ընկրկել այդ մարտի ընթացքում, թեև շատ կապտուկներ է ստացել։ Տարեցները հետո կատակում էին, որ «հենց այդ կռվի շնորհիվ նա դարձավ Խորհրդային Միության կրկնակի հերոս»։

Քչերը գիտեն, որ 38 թվականին Բաղրամյանին ազատել են զինծառայությունից որպես ժողովրդի թշնամու բարեկամի։ Բանն այն է, որ մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում` տրանսպորտի ոլորտում։ Բաղրամյանն ամեն ջանք գործադրում էր նրան պաշտպանելու համար, արդյունքում մեկ տարի անց նա չգտավ իր ազգանունը Գլխավոր շտաբի Ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև «գերազանց» էր հանձնել քննությունները։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Զրկվելով ապրուստի միջոցից` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի ծայրահեղ աղքատության մեջ է ապրել։ Նա նույնիսկ քաղաքացիական հագուստ չուներ, ու երբ պետք է լուսանկարվեր քաղաքացիական անձնագրի համար, ստիպված էր վերցնել կնոջ` Թամարի վերարկուն։ Արդյունքում նա հուսահատ քայլի դիմեց. անարդար կերպով գործից հեռացված ևս մի գնդապետի հետ փորձեց ներխուժել Կրեմլ` պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի ընդունելությանը։ Նրանց մերժեցին։ Այն ժամանակ ի նշան բողոքի նրանք նստեցին հենց Սպասկայա աշտարակի մոտ։ Վորոշիլովի հետ հանդիպումից մեկ օր անց երկու գնդապետներին էլ վերականգնեցին իրենց պաշտոններում ու թույլ տվեցի ծառայել բանակում։

Շատերը գիտեն, որ մարշալն իր ողջ կյանքի ընթացքում հավատիմ է եղել կնոջը` Թամարին, սակայն շատերը չէ, որ գիտեն` մինչ կյանքի վերջին օրերը ամուսիններն իրենց հարաբերություններում պահպանել են ռոմանտիզմը։ Մի անգամ թոռնուհին` Կարինան, պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատի համար սիրո խոստովանություններով հուզիչ երկտողեր էր թողնում։ Իսկ երբ սիրելի Թամարը մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ լաց եղավ։

Համազասպ Բաբաջանյան

Չարդախլուի բնակիչները ինչ-որ տեղ պաշտում են մարշալ Բաբաջանյանին, որին «քյալագյոզ» են անվանում։ Թեև դա Բաբաջանյանի միակ մականունը չէ. հայտնի էր, որ գերմանացիները նրան «Սև հովազ» էին անվանում արագության ու խիզախության համար։ Բաղրամյանն անընդհատ ընդգծում էր, որ «իսկական հերոսը Բաբաջանյանն է։ Իր բոլոր պարգևները նա մարտերում է նվաճել»։ Գյուղում գիտեին, որ Բաբաջանյանի բոլոր ողերը կոտրած էին։ Նա տեղափոխվում էր տանկով մինչ գոտկատեղը փողանցքից դուրս եկած։

Համագյուղացիչները պատմում են` երբ Համազասպը անասուններին էր արածեցնում, շրջակա բոլոր գյուղերի բնակիչներն իմանում էին դրա մասին ու աշխատում էին նրանից հեռու մնալ։ Նա համարձակ էր ու ատում էր անարդարությունը։ Մի անգամ դասի ժամանակ, երբ ուսուցիչն անարդար կերպով վիրավորեց նրան, պայուսակից մաուզեր հանեց։ Տղայից խլեցին զենքը, սակայն ուսուցիչն ու աշակերտը գրեթե կռվի էին բռնվել, նրանց հրաշքով բաժանեցին։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Բաբաջանյանը հայտնի է նաև իր հանդգնությամբ ու ծայրահեղ դաժանությամբ։ Հունգարիայի ազատագրման ժամանակ նա մի անգամ մոտեցել է գարեջրատանը, որտեղ հավաքվում էին ֆաշիստների հանցակիցները ու, կոտրելով պատուհանը, կրակել է։

Երբ Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատարն էր, ճաշկերույթից հետո նա կործանիչով հատել էր Թուրքիայի սահմանը ու, անտեսելով զգուշացումները, մի քանի անգամ շրջել էր օտար տարածքով։ Թուրքիայի կողմից պաշտոնական բողոք էին ներկայացրել, բայց մարշալը միայն 18-օրյա տնային կալանքով էր պատժվել:

Սերգեյ Խուդյակով

Սերգեյ Խուդյակովի (նույն ինքը Արմենակ Խանֆերյանց) կյանքը լի էր հակասություններով ու անարդար մեղադրանքներով։ Ճիշտ է՝ նրան լիովին արդարացրին, սակայն արդեն հետմահու. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ 1965 թվականի հուլիսի 6-ի հրահանգով դատարանի որոշմամբ արդարացված Խուդյակովի ավիացիայի մարշալի զինվորական կոչումը վերականգնեցին, ինչպես նաև վերականգնեցին բոլոր պարգևները։

1945թ-ին Խանփերյանցը մասնակցեց Յալտայի գիտաժողովին. Ստալինը նրան իր հետ էր տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Հատկանշական է, որ և՛ Ռուզվելտը, և՛ Չերչիլը բարձր էին գնահատում Խանփերյանցի հմտությունը ավիացիայի հարցերում, ընդ որում` այն աստիճան, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ էր նվիրել, որը, բնականաբար, միանգամից հանձնվեց պետությանը։

Չնայած իր կոչումներին` ավիացիայի մարշալ Խանփերյանցը սիրում էր ինքնուրույն թռչել։ Նա ընդամենը երկու օրվա ընթացքում յուրացրեց ամերիկյան «Քինգ Կոբրա» կործանիչը ու սկսեց ուրիշներին սովորեցնել։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Նրա ազնվականության մասին կարելի է դատել հետևյալ արարքից։ 1943 թվականի փետրվարին գեներալ-լեյտենանտ Խանփերյանցը որոշեց հարված հասցնել գեներալ-գնդապետ Ռոբերտ ֆոգ Գրեյմի հրամանատարության տակ գտնվող գերմանական ավիախմբավորմանը։ Ինքնաթիռների ելքը դեպի օդանավակայաններ պետք է փակեին մանևրային խմբերը, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդային ավիացիայի հարվածային ստորաբաժանումները հանդիպեցին գերմանական կործանիչներին անմիջապես ռազմաճակատի գծում։ Արդյունքում գործողությունը ձախողվեց։

ՌՕՈՒ շտաբի հանձնաժողովը գործողությանը մասնակցած ստորաբաժանումների գործով հետաքննություն անցկացրեց, պատժեցին շատերին` ընդհուպ մինչ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելը։ Բանակի հրամանատար Խամփերյանցը Գլխավոր կոմիտեին հեռագիր ուղարկեց. «Ես եմ մեղավոր ամեն ինչում, ֆոն Գրեյմն ինձնանից ավելի խորամանկ գտնվեց։ Խնդրում եմ հանել հրամանատարների վրա դրված տույժերը»։ Հրամանը չեղարկվեց, բոլոր տուգանքները հանվեցին։ Այն ժամանակների համար դա չափազանց համարձակ ու գրեթե աներևակելի արարք էր։

Իվան Իսակով

Հայտնի է, որ Իոսիֆ Ստալինը 42 անգամ հանդիպել է Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանի) հետ։ Մի անգամ պատերազմից հետո հաշմանդամի սայլակին նստած ծովակալը մտքերի մեջ էր ընկել, երբ գիշերվա ժամը 3:40-ին անսպասելի հեռախոսազանգ հնչեց։ Կրեմլից էին զանգում. Ստալինը կանչում էր Իսակովին։ Նրանք տարբեր բաների մասին էին խոսում, հետո Ստալինը հարցրեց. «Ընկեր Իսակով, ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, եթե մենք կրկին ձեզ ԽՍՀՄ ծովային ուժերի Գլխավոր շտաբի պետ նշանակենք»։ Իսակովը պատասխանեց. «Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվել։ Ստալինը պատասխանեց. «Ավելի լավ է՝ շտաբի պետի պաշտոնում լինի մարդ առանց ոտքի, բայց գլխով, քան երկու ոտքով, բայց առանց ուղեղի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, մենք հավատում ենք ձեզ»։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

Իսկ 1953 թվականին նավատորմի ծովակալն առաջին անգամ Հայաստան այցելեց։ Նա նախ Մատենադարան այցելեց, հետո ծանոթացավ Մարտիրոս Սարյանի ու Ավետիք Իսահակյանի հետ։ Այնուհետև մեկնեց Էջմիածին, որտեղ ծանոթացավ կաթողիկոսի հետ ու ասաց. «Ես ասես հայ ժողովրդի անառակ որդին լինեմ, չէի կարող Մայր Աթոռ չայցելել։ Շնորհակալ եմ բոլորին»։