ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երևանի «Ալաշկերտը» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում նվազագույն հաշվով հաղթեց Վանաձորի «Լոռիին»: Այս հաղթանակով «Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի Գավաթը:
Միակ գնդակը, որ «Լոռիի» դարպասում հայտնվեց խաղի 65-րդ րոպեին, ինքնագոլի արդյունքն էր. անկյունայինից հետո ստեղծված խառը իրավիճակում «Լոռիի» հարձակվողը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Դրանից հետո «Լոռին» չհանձնվեց՝ փորձելով, այնուամենայնիվ գրավել Օգնյեն Չանչարևիչի դարպասը, բայց սերբ դարպասապահը վստահ էր իր գործողություններում:
Հանդիպումը սպասարկում էր իսպանական մրցավարական բրիգադը՝ հայտնի Ալբերտո Ունդիանո Մալենկոյի գլխավորությամբ, իսկ «Բանանց» մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր:
Փաստորեն, «Ալաշկերտը», որը երկրորդ տարին անընդմեջ հայտնվել էր Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում, իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:
«Լոռին» ևս առաջին անգամ էր խաղում եզրափակչում: