ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքները կավարտվեն մայիսի 15-ին, ինչը թույլ կտա վերադառնալ չվերթերի նորմալ ժամանակացույցի։ Այսօր օդանավակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը։
3850 մետր երկարություն և 56 մետր լայնություն ունեցող թռիչքուղու վերանորոգումը սկսվել այս տարվա ապրիլի 1-ին, այդ օրվանից օդանավակայանում բացառապես գիշերային թռիչքներ էին իրականացվում։ Վերանորոգումն ավարտելուց հետո լիարժեք չվացուցակը կվերականգնվի։
Վերջին անգամ թռիչքուղին վերանորոգվել էր 2003-2004 թվականներին։ Միրզոյանի խոսքով` թեև թռիչքուղու մակերևույթի շահագործման միջին ժամկետը 10 տարի է, այն ժամանակ իրականացված աշխատանքների բարձր որակը թույլ է տվել ավելացնել ժամկետը 4-5 տարով։
Նա վստահեցրեց, որ վերջին վերանորոգումը թույլ կտա թռիչքուղին օգտագործել առնվազն ևս 15 տարի։ Ասֆալտապատման դեպքում ամենաժամանակակից տեխնոլոգիաներ և որակյալ նյութեր են օգտագործվել։ Աշխատանքների ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է կազմել։Այդ գումարը ներդրել է «Կորպորասիոն Ամերիկա» կոնցեսիոներ ընկերությունը։