ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին մտահոգել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձների բարձրացման հարցը։ Այսօր նա այդ մասին խոսեց Ազգային ժողովի ամբիոնից։
«Բոլոր խնդիրները լուծվել են Երևանում, հիմա Երևանի քաղաքապետի աշխատավարձը պիտի կրկնապատկվի՞։ Հայաստանում ֆինանսական միջոցներն անարդարացի են բաշխվում: Հայաստանի մյուս քաղաքներում մանկապարտեզները վճարովի են: Այս փողերով կարելի է այնպես անել, որ նույնիսկ մարզերում մանկապարտեզները լինեն անվճար: Բայց այդ գումարները հիմա օգտագործվում են քաղաքապետարանի բյուջեն ուռճացնելու ու ծախսը մեծացնելու նպատակով»,- ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ թեև Երևանի քաղաքապետարանը տեղական ինքնակառավարման մարմին է, բայց պետությունն ունի եկամուտների ու ծախսերի համահարթեցման պարտավորություն:
Մարուքյանն ԱԺ ամբիոնից դիմեց նաև քաղաքապետին ու Երևանի ավագանու իշխող խմբակցության անդամներին: «Ուզում եմ ձեզ հիշեցնել` դուք չեք ընտրվել որպես Երևանի իշխանություն: Վարչապետը պառլամենտը ցրելու համար երևանցիներին կոչ արեց ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին: Եվ ժողովուրդը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին»,- ասաց Մարուքյանը` շեշտելով, որ այդ ձայները Նիկոլ Փաշինյանինն են, հետևաբար Երևանում առկա բոլոր խնդիրների պատասխանատուն նույնպես Նիկոլ Փաշինյանն է:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը երեկ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: