Արմեն Հակոբյան, Sputnik Արմենիա
Փոխարենը յուրաքանչյուրը, ով Նարեկացու «Մատյան ողբերգության» համամարդկային աղոթքին կամ թեկուզ «Տաղ Վարդավառին» առնչվել է, առանց հավելյալ հավաստումների ու ճշտումների գիտի, զգացել է, որ անվիճարկելի մեծություն է նա: Քաղաքակրթական բարձունք, ում գործերին ծանոթանալիս նախաստեղծ, արարչական լույսին հպվելու երջանկությանը համադրելի զգացողություն կարող ես ունենալ, և ապաշխարելու, մեղքերից կամ չարից ձերբազատվելու, մաքրվելու անդիմադրելի մղում:
Մեր օրերին մոտիկ ժամանակներում Նարեկացու անվան հետ կապված հիշարժան մյուս իրադարձությունն, ինչ խոսք, Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն էր, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Հիշեցնենք, որ դա տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագի ընթացքում:
Այն ժամանակ, նախքան Հռոմի պապի հայտարարությունը, Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն. «Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և՛ պարզ ժողովրդի, և՛ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ և որը ավետարանից հետո հայ հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասաց կարդինալը:
«Vatican News»-ի «Յութուբում» զետեղած ամբողջական տեսանյութում, 18:40-ից 29:20-ի միջակայքում, պատկերված է հենց այդ արարողության Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը:
Իսկ մեզ մնում է ոչ միայն հպարտանալ, այլև խոնարհմամբ, համեստորեն ու ընկալման ձգտմամբ անդրադառնալ Նարեկացուն: Մեծության, որ ծննդյան ու մահվան ամսաթվեր ունի, իհարկե, բայց անմահացել է՝ անկասկած: Մեծություն, որ խոսեց Աստծո հետ սրտանց, մեր հոգու խորքից, ու Աստված պատասխանեց նրա շնորհով:
… Շուշանն շաղով լցեալ,
շող-շաղով և շար մարգարտով:
Ծաղկունքդ ամէն շաղ առին,
շաղն յամպէն, ամպն յարեգակնէն.
Աստեղքդ ամէն շուրջ առին,
դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին:
Գունդ-գունդ խաչաձև գնդակ,
յօրինուած երկնից շուրջանակ: