Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու Արցախի կոչը չի վնասի Երևանի հետ հարաբերություններին

Արցախի երկու նախագահների նամակը խաղաղության կոչ է, դրա մեջ ինչ–որ բացասական բան գտնելու համար պետք է հիվանդ երևակայություն ունենալ, կարծում է փորձագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Արցախի Հանրապետության նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի նամակը` ուղղված Հայաստանի գլխավոր դատախազին, որում կոչ է արվում փոխել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը, չի կարող բացասաբար անդրադառնալ Երևանի և Ստեփանակերտի քաղաքական վերնախավերի հարաբերությունների վրա։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Արցախի նախագահները Քոչարյանին կալանքից ազատելու խնդրանքով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին

Ուղերձի հեղինակները նշել են, որ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է եռատոնը՝ Հաղթանակի տոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրը։ Ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են լինում Արցախի Հանրապետության բոլոր նախկին ղեկավարները, մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը։ 

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է, խնդրում ենք Ձեզ մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում նրա խափանման միջոցը փոխելու մասին»,– ասվում է ուղերձում։

Գլխավոր դատախազությունում նշել են, որ չեն քննելու ուղերձը, քանի որ դա դուրս է իրենց իրավասության շրջանակից, իսկ գործը քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։

Դատախազությունը պատասխանեց Արցախի նախագահների` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դիմումին

«Այդ փոխհարաբերությունները կշարունակեն ջերմ մնալ, դրան այլընտրանք չկա։ Նույնիսկ մղձավանջային երազում դժվար է պատկերացնել, որ կարող են ինչ–որ բախումներ լինել Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև», – ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանն Արցախի նախագահների խնդրանքը դիտարկում է երկու հարթություններում` զգացմունքային և իրավական։ Առաջին դեպքում ցանկալի կլիներ, որպեսզի Հաղթանակի օրվա և Շուշիի ազատագրման տոնակատարության նախօրեին Արցախի Հանրապետության բոլոր երեք ղեկավարները ներկա լինեն միջոցառումներին, սակայն իրավական տեսանկյունից դա քիչ հավանական է` հաշվի առնելով Քոչարյանին առաջադրված մեղադրանքները։

Միաժամանակ, քաղաքագետը նշեց, որ տոնակատարություններից մասնակցելու են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, արցախյան վերնախավը փորձում է մի քիչ հարթեցնել երկրի ներկա և նախկին իշխանությունների միջև առկա տարաձայնությունները։

Բաղդասարյան. «Առճակատում երկու հայկական պետությունների իշխանությունների միջև հնարավոր չէ»

«Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ իշխանություններն ավելի սուր են զգում համախմբման անհրաժեշտությունը, և պառակտման ցանկացած, նույնիսկ տեսական վտանգ ավելի ցավագին է ընդունվում», – կարծում է փորձագետը։

Իր հերթին քաղաքապետ Երվանդ Բոզոյանն ասաց, որ Արցախի իշխանությունները փորձել են հանդես գալ խաղաղարարի դերում Հայաստանի նախկին և գործող իշխանությունների միջև։ Նա դա բացատրեց նրանով, որ Հայաստանում ցանկացած պառակտում բացասաբար է անդրադառնում Արցախի անվտանգության հարցերի վրա։ Փորձագետը համոզված է, որ Արցախի իշխանությունները միշտ ավելի պատասխանատու են վերաբերվել այդ հարցին և փորձել են սթափեցնել Հայաստանի գործընկերներին։ Նույնը տեղի է ունենում նաև Քոչարյանի դեպքում, կարծում է Բոզոյանը։

«Արցախի երկու նախագահների նամակը խաղաղության կոչ է, դրա մեջ ինչ–որ բացասական բան գտնելու համար պետք է հիվանդ երևակայություն ունենալ։ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակությունում պառակտումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի և համապատասխան հետևություններ անեն», – նշեց նա։

Միաժամանակ, քաղաքագետն ընդգծեց, որ Արցախի Հանրապետության ղեկավարների կոչը, չնայած հասցեատիրոջը, ուղղված է եղել առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին։