Արծաթե ափսեով ֆուա գրա. Մեգան Մարքլը 30 հազար դոլար է ծախսել ծննդաբերության վրա

Նոր մանրամասներ են հայտնի դարձել արքայազն Հարիի կնոջ` Մեգան Մարքլի ծննդաբերությունից, որը նախօրեին որդի է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Արքայազն Հարիի կինը ծննդաբերել է Պորտլենդի էլիտար հիվանդանոցում, որտեղ ծնունդ ընդունելն արժե 22 հազար ֆունտ (մոտ 30 հազար դոլար)։ Այդ մասին գրում է The Mirror պարբերականը։

Մեգան Մարքլը լույս աշխարհ բերեց առաջնեկին

Այստեղ ծննդկաններին և նրանց ուղեկցողներին ուտելիք են մատուցում արծաթե ափսեներով, ճաշացանկի մեջ մտնում է լոբստեր, շամպայն, ֆուա գրա և ոստրե։

«Այստեղ կանայք ասես արձակուրդում լինեն, մենք երեխային բերում ենք միայն կերակրելու ժամանակ, այնպես որ երկու–երեք գիշեր հետո կանայք դուրս են գրվում առողջ, հանգստացած և պատրաստ մայրության մարտահրավերներին», – հայտարարել է հիվանդանոցի տնօրեն Ջենեն Մեդենը պարբերականին տված հարցազրույցում։

Սասեքսի դուքս Հարին, որը ներկա է եղել ծննդաբերությանը, խոստովանել է, որ դա իր կյանքի ամենաանսովոր պահն էր։

Հիշեցնենք, որ երեխան ծնվել է մայիսի 6–ին` 3,3 կգ քաշով։