ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Գագիկ Ծառուկյանի հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով առայժմ չստեղծել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Խմբակցությունում այդ մասին եղավ քննարկում, և մենք հանգեցինք այն եզրակացության, որ այս պահին մեզ համար հետաքրքիր է կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը չբացառեց, որ հանձնաժողով կստեղծվի որևէ այլ փուլում, բայց այս պահին իշխող քաղաքական ուժը ձեռնպահ կմնա:
Հիշեցնենք` «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ավելի վաղ բաց նամակով դիմել էր ԱԺ նախագահին ու գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը`վկայակոչելով բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու օրենքի պահանջը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ի պատասխան այս նամակի հրապարակավ պարզաբանումներ էր պահանջել Գագիկ Ծառուկյանից:
ԲՀԿ առաջնորդն արձագանքել էր ԱԺ նախագահի հայտարարությանը` պարզաբանելով, որ պատգամավոր ընտրվելուց ի վեր` 2017թ-ից, իր առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման, ինչպես պահանջում է օրենքը:
Գլխավոր դատախազը «Քաղաքացու որոշման» նամակն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ փաստերը ստուգելու: