ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցվել է, այլ ոչ թե դադարեցվել: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։
Երկրորդ տարին է, ինչ հայկական բռնցքամարտում ծագած խնդիրը լուծում չի գտնում: Հիմա մեր հանրապետությունում գործում են բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան(ՀԲՖ) ու բռնցքամարտի Հայաստանի ազգային ֆեդերացիան(ՀԲԱՖ): Հայաստանի օլիմպիական կոմիտեն նշում է, որ ՀԲՖ-ն այլևս ՀԱՕԿ-ի անդամ չէ, և ՀԲԱՖ-ն է բռնցքամարտի աշխարհում Հայաստանի ներկայացուցիչը: ՀԲՖ-ն պնդում է լրիվ հակառակը:
Իսկ երբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեց ֆինանսավորել ՀԲՖ-ին, իրավիճակը ավելի լարվեց:
Քանի այս հարցը լուծում չի գտնում, բնականաբար, տուժում է հայկական բռնցքամարտը, տուժում են բռնցքամարտիկները:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողներին հավաստիացրեց, որ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ֆինանսավորումը չի դադարեցվել, այլ կասեցվել է, և դա կատարվել է օրենքի սահմաններում: «ՀԲՖ-ը հեռացվել է ՀԱՕԿ-ի կազմից, և սա է եղել ֆինանսավորման կասեցման պատճառը»,–ասաց Ղազարյանը:
Միևնույն ժամանակ Գաբրիել Ղազարյանը հավելեց, որ այս ամենից չեն տուժել ու չեն տուժելու մեր բռնցքամարտիկներն ու թիմերի ուսումնամարզական պրոցեսները.«Հիմա բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերն ու մարզիչներն աշխատում են այնպես, ինչպես որ աշխատել են: Հիմա ֆինանսավորումը կատարում է ՀԱՕԿ-ը»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:
Ղազարյանն անդրադարձավ նաև Ռաֆայել Վահանյանին իր անվան շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացնելուն. «Մենք միշտ էլ արժանին ենք մատուցել մեր հայտնի մարզիկներին, այդ թվում և Ռաֆայել Վահանյանին: Ուղղակի, տարիքի հետ կապված, գալիս է մի ժամանակ, երբ արդեն փոփոխություններ են հարկավոր: Բայց մենք երբեք չեն հրաժարվելու մեր հայտնի մարզիկներից ու պետք է միշտ հաշվի առնենք նրանց խորհուրդներն ու օգտագործենք հարուստ փորձը»- ասեց նախարարի պաշտոնակատարը:
Ղազարյանը կարծում է, որ Ռաֆայել Վահանյանը հիմա կարող է տնօրենի փոխարեն աշխատել որպես խորհրդական կամ լինել մեկ այլ պաշտոնում:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրենի համար: Գործող տնօրենը Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր, նախկին ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում շախմատային երկու օլիմպիադաների,աշխարհի եռակի և Եվրոպայի չեմպիոն, 67 ամյա Ռաֆայել Վահանյանն է: