ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հալեպահայությունը թևակոխել է ինքնակազմակերպման ու զարթոնքի նոր փուլ»

Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է սիրիահայերի, մասնավորապես, հալեպահայերի կյանքին, հետպատերազմական խնդիրներին, ինչպես նաև Հալեպում Հայաստանի հյուպատոսության աշխատանքներին։ Դիվանագետի խոսքով`պատերազմի հետքերն առավել շոշափելի և ակնհայտ են Հալեպ քաղաքում։
Sputnik
Սարգսյան. «Հալեպահայությունը թևակոխել է ինքնակազմակերպման ու զարթոնքի նոր փուլ»

«Երևի թե, չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ պատերազմի հետևանքով ամենից շատ տուժել է Հալեպը։ Ամենածանր տարիներին, երբ քաղաքը ենթարկվում էր ուժգին հրթիռակոծությունների և հրետակոծությունների, հալեպահայ համայնքը ջանքեր էր գործադրում պահպանելու ազգային իր դիմագիծը` Մայր գաղութը լինելու և մնալու բարձր անունով»,-ասում է Սարգսյանը։

Գլխավոր հյուպատոսի խոսքով` ներկայում վիճակն անհամեմատ ավելի լավ է։

Քեսաբի գյուղերից մեկը հրթիռակոծվել է, վիրավորները հայեր են

«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ համայնքային բոլոր կառույցներն աշխատում են ամբողջ թափով ու ծավալով։ Հատկապես բարձր է ազգային հայրենասիրական ոգին և ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը»,-փաստում է Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով` պատերազմական Հալեպի համար զարմանալիորեն բազմազան ու բազմապիսի են մշակութային միջոցառումները, որոնց հիմքում, անշուշտ, ընկած է հայապահպանությունն ու սերը դեպի մայր հայրենիքը։

«Ըստ էության, պետք է փաստել, որ հալեպահայությունը թևակոխել է ինքնակազմակերպման ու զարթոնքի նոր փուլ։ Անվտանգության այսօրվա պատկերը որևէ աղերս չունի Հալեպի ազատագրումից առաջ գոյություն ունեցած վիճակի հետ»-նշում է դիվանագետը։

Արմեն Սարգսյանը վկայում է, որ իշխանությունների, մասնավորապես, անվտանգության մարմինների անասելի ջանքերով, ծանր ու անձնուրաց աշխատանքի արդյունքում այժմյան Հալեպում կյանքն աստիճանաբար մտնում է բնականոն հունի մեջ։