Գաբրիել Ղազարյանը պատրաստվում է սպորտում էլ հեղափոխություն անել

Օգոստոսին Հայաստանում անցկացվող «Տուր դե Արմենիա» մրցումներին մասնակցելու են հարյուրից ավելի հեծանվորդներ` ութ երկրներից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. 2019 թվականին Հայաստանում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել խճուղային հեծանվավազքի՝« Տուր դե Արմենիա» մրցաշարը, բացի այդ նախատեսում են կառուցել նոր մարզաբազաներ`նոր տեխնոլոգիաներով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը`հավելելով, որ շատ անելիքներ ունեն հայկական սպորտը նոր մակարդակի հասցնելու համար։

Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե մեկին ծեծեինք. Ջուլֆալակյանը մեկնաբանել է լուրերը

«Մենք շատ ծրագրեր ունենք, որոնք կյանքի ենք կոչելու 2019 թվականին, դա շարունակական պրոցես է: Սպորտի զարգացման համար էլ է հեղափոխություն հարկավոր, և մենք պատրաստ ենք այդ քայլին»- նշեց Գաբրիել Ղազարյանը:

Մինչև օրս Հայաստանում խճուղային հեծանվավազքի մրցումներ շատ են անցկացվել, բայց միջազգային կարգի մրցաշար, որը կբնորոշի նախ և առաջ Հայաստանը՝ ոչ: «Տուր դե Ֆրանսը» աշխարհում հայտնի մրցաշար է հեծանվորդների համար: Դրա նմանությամբ Հայաստանում անցկացվող «Տուր դե Արմենիա» մրցումներին մասնակցելու են ութ երկրների հարյուրից ավելի հեծանվորդներ: Մրցաշարը անցկացվելու է օգոստոս ամսին:

Բացի այս մրցաշարից սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախարարությունը պատրասվում է փոփոխություններ մտցնել ֆիզկուլտուրայի և սպորտի մասին օրենքում, ինչը կնպաստի որպես առարկա ֆիզկուլտուրայի ամրապնդմանը, նախադպրոցական ու հանրակրթական կրթօջախներում:

Նախարարի պաշտոնակատարը խոստացավ նաև, որ մոտ ապագայում Հայաստանի ամբողջ տարածքում կկառուցվեն ժամանակակից մետաղական կառուցվածքով մարզաբազաներ և «Բարձրագույն վարպետության դպրոց»:

Գաբրիել Ղազարյանի խոսքով ու արդեն նախատեսված ծրագրով Հայաստանում միասնական դաշտում են հայտնվելու բոլոր մարզադպրոցները, ինչը նշանակում է, որ հավասար աշխատավարձ կստանան մարզադպրոցների բոլոր մարզիչները, մասնագետները` անկախ նրանից, թե որ համատիրություն են աշխատում:

Հիշեցնենք, որ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը միաձուլվելու է Կրթության ու գիտության նախարարությանը: