ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Արցախի նախագահների` ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման մեջ։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։
Քանի որ տվյալ քրեական գործն այժմ գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ։
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը հայտնել էին, որ պատրաստ են հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի Քոչարյանի՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար։