Դանակահարվածի հին հաշիվները 16-ամյա տղայի հետ նրան հասցրեցին վիրահատարան

Իրավապահները փորձում են պարզել 50-ամյա տուժածի հայտնած տեղեկության իսկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Մեր տեղեկություններով՝ ժամեր առաջ դանակահարված վիճակում Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը բնակվում է Կոտայքի մարզում։

Նա վնասվածք է ստացել որովայնին։ Բժիշկներին հաջողվել է վիրահատական միջամտությամբ փրկել տղամարդու կյանքը։

Մեր տեղեկություններով՝ կազդուրվելուց հետո նա հայտնել է, որ իրեն դանակահարել է 16-ամյա մի տղա, որը ևս Կոտայքի մարզի բնակիչ է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ դանակահարված տղամարդու և անչափահաս տղայի միջև հարաբերությունները լարված են՝ կապված, այսպես ասած, հին հաշիվների հետ։

Զարմանալի զուգադիպությամբ տղամարդու հիվանդանոց տեղափոխվելու օրը նրանք դարձյալ հանդիպել են։

Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու հայտնած տեղեկության իսկությունը։