Բիզնե՞ս, բարեգործությու՞ն, թե՞ զբոսաշրջության խթան. Ամբերդի խնդիրը

Մանուկ Մանուկյանը պնդում է, որ սրճարանի շինարարությունը բացարձակ անհրաժեշտություն է զբոսաշրջության զարգացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի նախկին պետ Մանուկ Մանուկյանը պնդում է, որ Ամբերդ ամրոցի մոտ ապագա սրճարանը գտնվում է պահպանվող գոտուց դուրս։

Ամբերդ ամրոցի ոդիսականը. ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ է կանգ առել շինարարությունը

Ավելի վաղ Մանուկյանը, որի որդին սրճարանի շինարարություն է սկսել «Ամբերդ ամրոց» պատմական համալիրի մոտ, ազատվել էր պաշտոնից։

Մանուկյանի խոսքով` շինարարությունը տարվել է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանվող գոտուց դուրս։ Նրա խոսքով` իրենց ընտանիքը մի քանի սերունդ զբաղվում է պատմական համալիրի պահպանությամբ։

«Դա, իհարկե, մեզ ոչ մի լրացուցիչ իրավունք չի տալիս հպարտությունից բացի», – ասում է Մանուկյանը։

Նա պնդում է, որ, հաշվի առնելով ընտանեկան ավանդույթները, նրանք ավելի պատասխանատու են վերաբերվում համալիրին, ինչպես նաև ներդրումներ անում զբոսաշրջության զարգացման մեջ։

Նրա խոսքով` ամեն տարի իր ուժերով մաքրում է դեպի համալիր տանող ճանապարհը, իրենց հաջողվել է էլեկտրականություն ապահովել։

Մանուկյան. «Մեր տարածքը Ամբերդի հուշարձանի գոտուց դուրս է»

«Այո, մենք բացում ենք ճանապարհները նաև մեր բիզնես նպատակների համար, բայց, առաջին հերթին մենք նպաստում ենք զբոսաշրջիկների հաճախելիությանը», – նշում է Մանուկյանը։

Մանուկյանների ընտանիքը Ամբերդին կից գոտում 20 տարի զարգացնում է ընտանեկան բիզնես։ Կոմերցիոն գործունեության համար նրանք ստացել են տեղի համայնքապետի թույլտվությունը (2010թ–ին)։ 2013թ–ին համայնքի ղեկավարության հետ պայմանագիր է ստորագրվել հարակից տարածքի վարձակալության մասին։

2017թ–ին Մանուկյանի որդին դիմել է Օրգով համայնքի ղեկավարությանը` հող գնելու և միահարկ կառույցի շինարարություն սկսելու իրավունքի համար։ Համայնքում հավանություն են տվել դիմումին, նրան ուղարկել են մարզպետարան, որից հետո` կառավարություն։ Բոլոր ատյաններում «դաբռոն» ստացել են` հարակից տարածքը ձեռք բերելու համար (8 միլիոն դրամով)։

Նոր բացահայտում և դիմում դատախազություն. Ամբերդի պահպանվող տարածքը 2013–ին փոխվել է

 «Նշեմ, որ այդ տարածքն ի սկզբանե համարվել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր։ Ավելի ուշ կարգավիճակը փոխվել է և միահարկ շենքի շինարարության թույլտվություն է ստացվել գործող տաղավարի տեղում», – ասում է Մանուկյանը։

Նախատեսվել է կառուցել միահարկ կառույց` կանաչ տանիքով։ Այն պետք է ունենար սանհանգույց, հուշանվերների խանութ, հացի փուռ և սրճարան։

«Ամբերդի մոտ նման կետի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Մենք այնտեղ գտնվում ենք որպես «շտապօգնություն»։ Ինչ–որ մեկը քաղցած է, ինչ–որ մեկը մրսած է, ինչ–որ մեկին պետք է լիցքավորել հեռախոսը», – նշեց Մանուկյանը։

Նա նշեց, որ շինարարության ընթացքում գտել են սափորների կտորներ, բայց դրանք առանձին բեկորներ են։ Նրանք դեմ չեն, եթե հնագետները ստուգեն տարածքը` պեղումներ անցկացնելու անհրաժեշտությունը պարզելու համար։ Մշակույթի նախարարության հետ արդեն նման պայմանավորվածություն կա։

Ամբերդի տարածքում շինարարության թույլտվություն տվողն ազատվել է աշխատանքից

 Մշակույթի նախարարությունում ավելի վաղ հայտարարել են, որ 2013թ–ին պատմական համալիրի հսկվող տարածքը փոքրացվել է։ Թույլտվություն տվողների շարքում եղել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի պետ Մանուկ Մանուկյանը։ Ավելին, հենց Մանուկյանի որդին է հոր թույլտվությամբ տարածքում սրճարանի շինարարություն սկսել, որը արդեն պատմական համալիրի կրճատված տարածքի սահմաններից դուրս է եղել։

Մանուկյանը պնդում է, որ ընդհանուր առմամբ պահպանվող գոտու տարածքը 2013թ–ին ավելացել է մոտավորապես 5 հեկտարով։ Միաժամանակ նրա սրճարանի շինարարության համար նախատեսված տարածքը ևս 10 հա հողատարածքի հետ դուրս է բերվել պահպանվող գոտուց և փոխարինվել ուրիշով (որտեղ հին գերեզմանատուն կա` խաչքարերով)։

 Մանուկյանը կարծում է, որ նա շինարարություն սկսելու օրինական իրավունքներ ունի, և նա չի վախենում դատական քաշքշուքներից։ Միաժամանակ, նա պատրաստ է որոշ ժամանակ դադարեցնել շինարարական աշխատանքները և սպասել հնագետների եզրակացություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն` խնդրելով հիմնավորել «Ամերդ ամրոց» պատմական համալիրին հարակից պահպանվող տարածքի մակերեսը փոփոխելու մասին որոշման օրինաչափությունը։