Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գլխին սև ամպեր են կուտակվում. «Ժողովուրդ»

Թերթը պարզել է, որ թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել` գործադուլ կանեն, եթե որևէ մեկին ազատեն աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է աղմկահարույց նախագիծը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների, մասնավորապես` քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը զգալի կբարձրանան

«Միևնույն ժամանակ օպտիմալացումներ են լինելու մի քանի թաղապետարանների աշխատակազմերում, այդ թվում` Արաբկիր և Ավան վարչական շրջաններում»,– գրում է թերթը:

Պարբերականի տեղեկություններով` սա առաջացրել է աշխատակիցների դժգոհությունը հատկապես Արաբկիրում: Ավելին` հիմա թաղապետ Արամ Դանիելյանի դեմ ստորագրահավաք է նախապատրաստվում, քանի որ թաղապետը ցանկանում է ազատվել մի շարք կադրերից, հիմնականում՝ բաժնի պետերից:

«Թաղապետարանի աշխատակիցները ներքին որոշում են կայացրել՝ եթե որևէ մեկին ազատեն աշխատանքից, անկախ ազատման հիմքերից, իրենք գործադուլ կանեն»,– նշված է հոդվածում։

Թերթը եզրափակում է` ասել է թե Արաբկիրի թաղապետի որոշումների հետևանքով բունտ է հասունանում: