Անհավանական Լեդի Գագան և 7–աչքանի Էզրան. ով ինչ տեսքով է ներկայացել Met-Gala–2019–ին

Համաշխարհային աստղերը փորձել են միմյանց գերազանցել արտասովոր կերպարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Համաշխարհային կինեմատոգրաֆիայի աստղերը մասնակցել են նորաձևության ամենակարևոր իրադարձությանը` Նյու Յորքում անցկացվող Met Gala 2019 հագուստի ինստիտուտի պարահանդեսին։

Մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը նորաձևության ոլորտի ներկայացուցիչներն ու համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ հավաքվել են Աննա Վինտուրի (բրիտանացի լրագրող, 1988 թվականից Vogue ամերիկյան ամսագրի գլխավոր խմբագիր) առաջնորդությամբ։ Հարկ է նշել, որ հենց նա է համարվում «Սատանան Prada է հագնում» լեգենդար ֆիլմում Մերիլ Սթրիփի կերպարի նախատիպը։

Այս տարի գլխավոր թեման եղել է «քեմփը». XX դարում այս բառով էին նկարագրում ուռճացված գործողությունները կամ ժեստերը, որոնք օգտագործվում էին որոշակի կերպար ստեղծելու համար։

Իհարկե, ինչպես միշտ, ամենազարմանալի զգեստներից մեկն ընտրել էր Լեդի Գագան։ Ընդ որում` երգչուհին ընտրել էր ոչ թե մեկ կերպար, այլ չորս։ Դիզայներին թևանցուկ արած երգչուհին միջոցառմանը ներկայացել է 8-մետրանոց փեշով և հսկայական ժապավենակապ ունեցող զգեստով։ Գործողություններին դրամա է ավելացրել զգեստի հեղինակը` Մակվելն արձակել է զգեստը, և պարզվել է, որ դրա տակ ևս մեկ ուրիշ զգեստ էլ կա։ Հետո երգչուհին նաև դա է հանել ու մնացել է սեղմիրան պատյան–զգեստով։ Ամենավերջում նա ազատվել է զգեստներից` ներքնազգեստը ցուցադրելով հանդիսատեսին։

Մոդել Ջիջի Հադիդը նույնպես որոշել էր զարմացնել Met Gala–ի մասնակիցներին ու հայտնվել էր Michael Kors–ի կոմբինեզոնով, փետրավոր երկար թիկնոցով և... լողի գլխարկով։ Ջիջիի դիմահարդարումը նույնպես տարբերվում էր. նա կոպերին հսկայական սպիտակ թարթիչներ էր կպցրել։

Ամենաարտասովորը դերասան Էզրա Միլլերի հագուստն էր։ Նա իր ելույթի համար ընտրել էր յոթաչքանի խելահեղ դիմակ։ «Ֆանտաստիկ արարածների» աստղը պարահանդեսի համար ընտրել էր Burberry–ի երկայնափեշ հագուստը, որին ամրացրել էր խոշոր բյուրեղներից սեղմիրանը, իսկ ձեռքում պահել էր թատերական դիմակը։

Քեթի Փերին որոշել էր լուսանկարիչների առաջ կեցվածք ընդունել ջահի կերպարով։

Ջերադ Լետոն հայտնվել էր Gucci–ի կարմիր հագուստով` չմոռանալով կերպարը լրացնել մեղրամոմից ստեղծված սեփական գլխով։