«Ջնջի՛ր գրածդ». Instagram–ում Նիկոլաևի կնոջը քարկոծել են գրառման համար

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության ֆոնին համացանցի օգտատերերին դուր չի եկել «Աերոֆլոտին» ուղղված քննադատությունը, որը հնչեցրել է երգիչ Իգոր Նիկոլաևի կինը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Իգոր Նիկոլաևի կինը` Յուլյա Պրոսկուրյակովան, քարկոծման թիրախ է դարձել, երբ դժգոհել է «Աերոֆլոտ» ավիաընկերությունից։

Նա քննադատել է այն չվերթի աշխատակիցներին, որով պետք է դստեր հետ ԱՄՆ–ից Մոսկվա վերադառնար։

Նիկոլաևի կինը բողոքել է Մայամիի օդանավակայանում չվերթը 4 ժամ հետաձգելու, 1.5 ժամ ուղեբեռին սպասելու և Մոսկվա մեկնումը չեղարկելու համար։ Յուլյան նաև ցավակցություն է հայտնել ողբերգության հետևանքով տուժածներին և զոհերի հարազատներին։

Սակայն օգտատերերը համարել են, որ ավիաընկերությանն ուղղված քննադատությունն անտեղի է։ Շատերը զայրացած մեկնաբանություններ են գրել Յուլյայի լուսանկարի տակ ու նույնիսկ Իգոր Նիկոլաևի գրառման տակ խնդրել են սաստել կնոջը։

«Ինչո՞ւ եք այդ գրառումն արել, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ։ Ասենք, 4 ժամ նստել եք։ Ձեզ հետ էր ձեր հարազատ աղջիկը` ողջ–առողջ։ Իսկ ինչ–որ մեկի մայրն իր դստերը կամ որդուն չտեսավ։ Նստած եք հիմա, վատնում եք ձեր, որքան հասկանում եմ, թանկագին ժամանակը, որպեսզի արդարանաք միլիոնավոր մարդկանց առաջ։ Ինչի՞ համար եք գրել դա», – զայրացել է tat.ma–ն։

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

«Թանկագին Յուլեչկա։ Սարսափելին նրանց համար է, ովքեր չեն կարողացել դուրս պրծնել չարաբաստիկ ինքնաթիռից, և նրանց հարազատների համար։ Իսկ դուք ուշացած չվերթի ձեր խնդրով նստեիք ու լռեիք։ Չեք ամաչո՞ւմ։ Աստծուն շնորհակալություն հայտնեք, որ ինքնաթիռից դուրս եք եկել, իսկ ինչ–որ մեկին դա չի հաջողվել։ Աղոթեք, որ չհայտնվեք այդ դժբախտների տեղում», – գրել է tatianagagarina80–ը։

«Հեռացրո՛ւ գրառումը», – խորհուրդ է տվել elenacybaeva7606–ը։

Հիշեցնենք` SSJ-100 ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք էր կատարել մայիսի 5-ի երեկոյան։ Անձնակազմը ստիպված էր եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել։ Օդանավում եղել են 73 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վերջին տվյալների համաձայն` օդանավի հրդեհի պատճառով ուղևորներից 41–ը մահացել են։ Հաջողվել է փրկվել 33-ին և անձնակազմի 4 անդամին։