Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել իր և հայ ժողովրդի անունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով բռնկած հրդեհի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Խոր վշտով տեղեկացա մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով տեղի ունեցած ողբերգության մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ համբերություն, ուժ և ոգու ամրություն»,– ասված է ցավակցական հեռագրում։

Հիշեցնենք` մայիսի 5-ին Շերեմետևո օդանավակայանում վթարային վայրէջք էր կատարել այվող SSJ-100 ինքնաթիռը։ Եղանակային բարդ պայմանների պատճառով ինքնաթիռը միայն երկրորդ փորձից էր հաջողվել իջեցնել։

«Կայծակը խփեց, և կապը կորավ». այրված ինքնաթիռի օդաչուն մանրամասներ է պատմել

Ինքնաթիռում եղել էին 72 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ։

Վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով զոհվել են 41 մարդ, ողջ են մնացել 37-ը։ Զոհվածների անունները հայտնի են։ Ցանկում հայկական ազգանունով մարդ չկա։