Մինչև սեպտեմբեր նպաստների համակարգն ամբողջությամբ կվերանայվի. նախարար

Նախարարը նշել է, որ պետք է քննարկեն` ինչպես կարող է վարկ ունենալն ազդել նպաստառուի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Նպաստների համակարգն ամբողջությամբ պետք է վերանայվի, բայց դա պետք է արվի հետազոտությունների ու վերլուծությունների հիման վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Մինչև սեպտեմբեր ամբողջ համակարգը վերանայված կլինի ու այնտեղ կներառվի նաև վարկեր ունենալու փաստը։ Այսինքն` դեռ պետք է քննարկենք` ինչպես կարող է վարկ ունենալն ազդել նպաստառուի վրա։ Պետք է հստակ չափորոշիչներ ունենանք»,–ասաց նա։

Անապահով ընտանիքները թոշակի պատճառով նպաստից չեն զրկվի

Նախարարի խոսքով` արդեն իսկ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը պետք է այս հարցը քննարկի։

Ըստ նրա` շատ կարևոր է անհատական աջակցման մեթոդը, քանի որ, օրինակ, եթե վարկը քաղաքացին վերցրել է առողջական խնդիրների լուծման համար, սա այլ հարց է, իսկ եթե կան մարդիկ, որ չարաշահումներով նպաստ են ստանում ու դեռ 1 մլն վարկ մուծում, սա մեկ այլ հարց է։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրել էր, որ Հայաստանում 11 հազար 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավելի դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք 400 հազար, ոմանք` մեկ միլիոն դրամ։