Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում

Ակտիվիստները խիստ քննադատել են «Զորաց քարեր» համալիրում հնագետ Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարությամբ իրականացվող աշխատանքները, մեղադրելով նրան հնագույն համալիրի կանխամտածված ոչնչացման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հնագետ Աշոտ Փիլիպոսյանի թիմը «Զորաց քարեր» կամ Քարահունջ համալիրում պեղումներ է իրականացնում լուրջ խախտումներով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են ակտիվիստներ Նանա Հերունին, Թովմաս Բադալյանն ու Պերճուհի Եթարյանը։ Նրանց կարծիքով` պեղումները իրականացվել են բոլոր սահմանված կանոնների խախտումով։

«Պեղումների համար նրանք ծանր տեխնիկա են օգտագործել, ինչը կտրականապես արգելված է։ Նրանք բահերով և քլունգներով են փորել, և քարերի վրա հետքեր են մնացել։ Քարերի ստորին հատվածը ամբողջությամբ քանդված է։ Դրանք գրեթե օդից են կախված, այսինքն կարող են տեղից շարժվել։ Եվ եթե դրանք փոքր–ինչ տեղաշարժեն, դա կխախտի աստղադիտարանի ողջ անսամբլը», – կարծում է Նանա Հերունին։

Ակտիվիստները «Զորաց քարեր» անսամբլը ոչ թե հնագույն դամբարան են համարում, այլ հնագույն աստղադիտարան, որտեղից մարդիկ քարերի վրայի անցքերի միջով աստղերին են նայել։

Քարահունջը խախտումներո՞վ են պեղել. հնագետներին մեղադրում են, նրանք էլ՝ հակադարձում

Նրանով, երբ և ինչ աստղեր էին երևում քարերի վրայի անցքերից, որոշում էին գարնանային և ամառային  գիշերահավասարի օրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ օրեր։ Մասնավորապես, ակտիվիստները հիշեցնում են, որ նման տեսակետ ուներ ռադիոտեխնիկ, աստղագետ Պարիս Հերունին։

Անցած տարվանից «Զորաց քարեր» համալիրում պեղումներ է իրականացնում Աշոտ Փիլիպոսյանի ղեկավարած արշավախումբը։ Նրա տեսանկյունից, այստեղ աստղադիտարան չի եղել, բայց հին գերեզմանատուն եղել է։

Ակտիվիստները կարծում են, որ Փիլիպոսյանն այդպիսով ուզում է նվազեցնել հայ ժողովրդի ձեռքբերումները։

«Նա դիտավորյալ փորձում է ոչնչացնել մեր քաղաքակրթության հնագույն էջը։ Նա հայտարարում էր, որ մենք երբեք որևէ աստղագիտություն չենք ունեցել, սակայն ապացուցել չի կարողանում։ Ահա և փորձում է պարզապես վերացնել այդ հուշարձանը։ Եվ մենք կպարզենք, թե ինչու է նա անում դա», – հայտարարել է Եթարյանը։

«Զորաց քարերի» թալանված դամբարանում գտնված բեկորները նոր կյանք են ստացել. լուսանկարներ

Փիլիպոսյանը չի կարող դատել հնագույն աստղադիտարանների մասին, քանի որ այդ ոլորտից գլուխ չի հանում, համոզված են ակտիվիստները։ Նրանցից մեկը` Թովմաս Բադալյանը, ճարտարապետ է, մյուսը` Պերճուհի Եթարյան, իրավաբան, երրորդը` Նանա Հերունին, ռեկրուտինգային գործակալության տնօրեն։

Աշոտ Փիլիպոսյանը պատմական գիտությունների դոկտոր է, ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանության ծառայության գիտքարտուղարը։

«Նրանք այնտեղ ծանր տեխնիկա են օգտագործել։ Քանդելով ամեն ինչ՝ թողել են։ Ձմռանն այդ շրջանում ցուրտ է, վաղ գարնանը` խոնավ։ Ըստ ամենայնի, դա հատուկ են անում, որպեսզի հուշարձանը քանդվի։ Որպես ապացույց մենք լուսանկարներ ենք արել և ուղարկել դրանք վարչապետին և ԱԱԾ։ Դա կարելի է հանցագործության մասին ծանուցում համարել», – նշեց Եթարյանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Փիլիպոսյանն իր հերթին հաստատեց. պեղումների ընթացքում ծանր ամբարձիչ կռունկ է օգտագործվել, սակայն միայն քարե սյուները պահպանելու համար։

Նոր բացահայտում. Քարահունջը միակը չէ, Հայաստանի տարածքում նման կառույցները մի քանիսն են

Բացի այդ, աշխատանքների ժամանակ պարզվել է, որ անցքեր, համենայնդեպս քարերից մեկի վրա, ոչ միայն վերին, այլև ստորին հատվածում են եղել։ Այդպիսով, չի հաստատվում այն վարկածը, որ դրանք դիտանցքեր են եղել։

«Այո, դրանք մշակված քարեր են, և բավականին մեծ տարիքի։ Շատ հին դամբարաններ կան։ Սակայն դիտանցքերի մասին վարկածը դարձյալ չի հաստատվում», – հայտարարեց է Փիլիպոսյանը։

Ընդ որում՝ պեղումներն իրականացվել են ոչ թե բուն համալիրի տարածքում, այլ նրանից 100 մետր հեռավորության վրա գտնվող դամբարանի։ Նրա մի մասը փորել են, այնուհետև կրկին ծածկել խճաքարերի շերտով մինչև նոր պեղումներ իրականացնելը։

Զորաց քարերը (Քարահունջ) տարածաշրջանի հնագույն մեգալիթյան հուշարձաններից մեկն է։

80-ականներին և 90-ականներին Պարիս Հերունին չափագրումներ է իրականացրել հուշարձանի տարածքում և այն միջնադարյան աստղադիտարան անվանել։ Այս հայտարարությունը արձագանք է գտել հասարակության որոշակի շրջանում։