Ինչքանո՞վ է «Զվարթնոցը» պատրաստ դիմակայել աղետներին. «Շերեմետևոյի» ողբերգության հետքերով

Sputnik Արմենիան որոշել է պարզել` ինչպես են աշխատում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արտակարգ ծառայությունները և որքան օպերատիվ կարող են արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ինքնաթիռում բռնկված հրդեհի հետ կապված տարբեր վարկածներ և ենթադրություններ են առաջ քաշվում։ Մասնավորապես, ՌԴ ՔԿ–ն այժմ դիտարկում է օդաչուների, դիսպետչերների և օդանավի տեխզննումն իրականացնող անձանց ոչ բավարար պրոֆեսիոնալիզմը, օդանավի անսարքությունը, անբարենպաստ եղանակային պայմանները։ Հատկանշական է, որ քննությունը բարձր է գնահատել հրշեջ ծառայությունների աշխատանքի որակը։ Նրանք անթերի են աշխատել։

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

Հետաքրքիր է` ինչպես են աշխատում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի արտակարգ ծառայությունները և որքան օպերատիվ կարող են արձագանքել տարբեր արտակարգ իրավիճակների։ Պետք է նշել, որ «Զվարթնոցում» մի անգամ եղել է նման դեպք, որը մասամբ հիշեցնում է այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում։

2008 թվականի փետրվարի 14-ին Երևան–Մինսկ չվերթն իրականացնող «Բելավիա» ավիաընկերության CRJ-100 LR ինքնաթիռն օդ բարձրանալիս դուրս էր եկել թռիչքուղուց, շուռ եկել մի թևի վրա, այն հարվածել գետնին, ինչի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել և օդանավը բաժանվել էր երկու մասի։ Այրվող ինքնաթիռից հնարավոր էր եղել դուրս բերել բոլոր 18 ուղևորներին և անձնակազմի 3 անդամներին։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։

«Դա «Զվարթնոց» օդանավակայանում վերջին տարիներին գրանցված միակ միջադեպն է։ Ի պատիվ մեր հրշեջ–փրկարարական ծառայությունների, պետք է ասել, որ նրանք հաշված վայրկյանների ընթացքում կարողացան վերահսկել իրավիճակը։ Նրանց հմուտ գործողությունների, ինչպես նաև օդանավի տեխնիկական հագեցվածության շնորհիվ մեզ հաջողվեց խուսափել զոհերից», – 11 տարվա վաղեմություն ունեցող դեպքերն է հիշում «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

«Աստված իմ, օգնիր». ի՞նչ էր կատարվում Շերեմետևոյում հրդեհված ինքնաթիռի ներսում. տեսանյութ

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ այսօր օդանավակայանում ժամանակակից հրշեջ–փրկարարական տեխնիկա կա, աշխատակիցները շատ լավ պատրաստվածություն են անցել։ Ունեն 3 Oshkosh Striker-3000 հրշեջ մեքենա։ Դրանք համալրված են հատուկ սարքավորումներով և կարող են հրդեհապաշտպան միջոց մատակարարել 10000 լիտր/րոպե արագությամբ։ Դրանք այսօր համարվում են աշխարհում ամենահզոր հրդեհաշիջման մեքենաները։

Աբրահամյանի խոսքով` «Զվարթնոցի» անձնակազմը գիտի` ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաև ուղևորներին տարհանելու դեպքում։

Հիշեցնենք, որ կիրակի` մայիսի 5-ին, «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելու ժամանակ հրդեհվել էր «Աերոֆլոտ» ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռը։ Այրվող օդանավում գտնվող 78 ուղևորներից ողջ մնալ հաջողվել է 37 մարդու, 41-ը զոհվել են։ Ինքնաթիռը ստեղծել և արտադրել է «Гражданские самолеты Сухого» ընկերությունը` Finmeccanica-Alenia Aermacchi մասնակցությամբ։ Այն իր առաջին չվերթն իրականացրել է 2008 թվականի մայիսին։ Շահագործման հանձնելուց հետո սա SS-100–ի ինքնաթիռի թվով 4-րդ ավիաաղետն է։