Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե մեկին ծեծեինք. Ջուլֆալակյանը մեկնաբանել է լուրերը

Ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է իրենց բիզնես գործընկերոջը ծեծելու լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Արսեն և Լևոն Ջուլֆալակյանները ոչ ոքի չեն ծեծել ու ֆիզիկական բռնություն չեն կիրառել։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը` հերքելով մամուլում տարածված լուրերը։

«Սերգեյ Մխիթարյանը մեզ հետ միասին սրճարանի համասեփականատեր է, և երեկ հանդիպել էինք գործնական հարցերի քննարկման համար, որն անցել է սովորականից մի փոքր լարված մթնոլորտում։ Զրույցի ընթացքում վատ է իրեն զգացել (ավելի ուշ բուժքույրն ասաց ճնշումը բարձրացել էր), կանչել ենք շտապօգնություն և տեղափոխել հիվանդանոց։ Հետագայում իմանալով նրա հայտարարության մասի`ն ինքնակամ գնացել ենք ոստիկանություն՝ պարզելու,թե ինչո՞վ էր պայմանավորված նման պահվածքը և ինչի՞ համար է այդ ամենն արվում։ Թերևս այսքանը։ Մնացածը երևի թե Սերգեյն ինքը կասի»,– գրել է պատգամավորը։

Ջուլֆալակյանը հայտարարում է, որ նման բան լինել չէր կարող, քանի որ իրեն ճանաչողները գիտեն` ինքը կտրականապես դեմ է բռնությանը։

«Եվ իրականում չեմ էլ պատկերացնում ինչ կլիներ, եթե հանկարծ ես (և հայրս հետս) մեկին ծեծեինք, ինչ հետևանքներ կարող էր դա ունենալ»,– եզրափակել է Ջուլֆալակյանը։

Հիշեցնենք` մայիսի 5-ին ոստիկանությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացել, որ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից հիվանդանոց է տեղափոխվել 1956–ին ծնված մի տղամարդ։

Shamshyan.com–ի տեղեկություններով` տղամարդը հայտնել էր, որ իրեն ծեծել են ԱԺ պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանն ու նրա հայրը` Լևոն Ջուլֆալակյանը։