ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ մայիսի 5–ին Երևան–Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած դաժան ավտովթարի փաստով։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, Երևան-Արմավիր ավտոճանապարհին մայիսի 5–ի գիշերը բախվել էին Մեծամոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Կարեն Գինոսյանի անվամբ հաշվառված Opel մակնիշի և Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 37-ամյա Արայիկ Եղիազարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ էր բռնկվել, այնուհետև ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ЗИЛ-ը պատկանել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, մեքենայի վրա տեղադրված են եղել գազի բալոններ և ենթադրելի է, որ մեքենան հանդիսացել է գազի լիցքավորման շրջիկ կետ:
Արդյո՞ք ЗИЛ-ի բալոնները լիցքավորված են եղել, թե ոչ՝ կպարզի փորձաքննությունը. իսկ «Օպելը» գրանցված է եղել Կարեն Գինոսյանի անունով, որն այժմ կապի դուրս չի գալիս:
ЗИЛ-ի վարորդը չի տուժել պայթյունից, քանի որ հենց բախման պահին նա հասցրել է լքել մեքենան:
Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտովթարի պատճառով զոհված կինն ու տղամարդը ամուսիններ չեն։ Նրանք երկուսնն էլ «Օպելում» են եղել։