Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Սոցցանցերում մի տեսանյութ է տարածվում, որում երիտասարդ աղջիկը հայերեն դիմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրի ընթացքում։
Պարզվեց՝ համացանցում մեծ աղմուկ արած աղջիկը մեր հայրենակիցն է, որը Մոսկվայում է բնակվում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Նոննա Համբարձումյանն ասաց, որ ծնվել է ոչ թե Հայաստանում, այդ Ռուսաստանի մայրաքաղաքում, բայց դա չի խանգարել նրան սովորել մայրենի լեզուն ու հայ ժողովրդի պատմությունը։
«Ես մեծ հայրենասեր եմ։ Շատ լավ խոսում եմ հայերեն․․․ Ծնողներս Կապանից են, ու մոտավորապես երեք տարեկանից ամեն ամառ հարազատ քաղաքում եմ անցկացրել։ Հենց այնտեղ եմ հայերեն խոսել սովորել, այնտեղ էլ ինձ սովորեցրել են սիրել հայկական ամեն ինչ։ Հիմա չեմ կարող տարին գոնե մեկ անգամ պատմական հայրենիք չգնալ, ձգողականությունը շատ մեծ է», - ասում է Նոննան։
Աղջիկը խոստովանում է, որ լավ է տիրապետում գրական հայերենին, ու ազատ խոսում է Կապանի բարբառով։
Նրա նախաձեռնությամբ ապրիլի 24-ին քաղաքական թոք շոուի հաղորդավար Օլգա Սկաբեևան անմիջականորեն եթերի թեմային՝ Ուկրաինայի ընտրություններին, անցնելուց առաջ Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարց տվեց։
Նոննան «Ռոսիա 1» հեռուստաալիքում պրոդյուսեր է աշխատում ու տեսանյութի վերաբերյալ ասում է, որ այդպիսի իրարանցում չէր ակնկալում։
«Ինձ համար սա հերթական առաջադրանք էր, որը ես կատարեցի։ Իհարկե, ես առանձնահատուկ եմ վերաբերում այն ամենին, ինչը Հայաստանին է վերաբերում։ Միաժամանակ այն, ինչ տեսահոլովակում է, իմ սովորական աշխատանքն է, ես այդպիսի իրարանցում չէի ակնկալում։ Երևան-Մոսկվա տեսակապի կազմակերպչական հարցերը շատ ավելի դժվար էր լուծել, քան վարչապետի հետ պայմանավորվելը», - ժպիտով ասաց Նոննան։
Աղջկա խոսքով՝ նա հրապարակել է տեսանյութը միայն Facebook-ի ու Instagram-ի իր էջերում, բայց շուտով ծանոթները, ընկերներն ու բարեկամները սկսել են նրան ԶԼՄ-ների տարածած տեսանյութերի հղումներն ուղարկել։
«Ընկերներս ու բարեկամներս ակտիվորեն տարածում էին դա։ Գիտեք, մենք՝ հայերս, սիրում ենք մերոնցով հպարտանալ։ Ամեն դեպքում ինձ համար հաճելի է, որ ապրիլի 24-ին ռուսական հեռուստաալիքի ուղիղ եթերում հիշվեց այդ ողբերգության մասին, ու որ այդ հարցում ես էլ եմ ներդրում ունեցել», -ասում է Նոննան։
Նա նշում է, որ շնորհակալ է իր գործընկերներին, որոնք ընդառաջեցին նրան, քանի որ հարցազրույցի հիմնական թեման Ուկրաինայի ընտրություններն էին։
Աղջկա խոսքով՝ նրա ծագումն ու հայերենի իմացությունն ինչ-որ չափով «հաջողության բանալի են»։
«Ես հաճախ եմ օգտագործում «հայկական ուժը»։ Եթե հայրենակիցներից հետ հարցազրույցի համար պայմանավորվում եմ, անպայման նշում եմ, որ հայ եմ, կամ հայերենի եմ անցնում։ Այդ դեպքում ինձ արդեն չեն կարող մերժել», - կատակով նշում է նա։
Նոննան նաև ավելացնում է, որ պրոդյուսերական հարցեր լուծելիս նա միշտ հիշում է, որ «հայ եղբայրներ» ունի ու նրանք անպայման կօգնեն. «Հայերը միշտ փորձում են օգնել միմյանց, իսկ մենք այստեղ մեծ և ուժեղ համայնք ունենք»։