ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Վայրէջքի ժամանակ բռնկված ինքնաթիռի հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեն:
Մահացածներից երկուսը երեխաներ են:
Մոսկվայից Մուրմանսկ ուղղություն վերցրած ինքնաթիռը այսօր՝ մայիսի 5-ին, թռիչքից 28 րոպե հետո ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:
Ինքնաթիռը գետնին իջեցնել հաջողվել է միայն երկրորդ փորձից հետո՝ եղանակային վատ պայմանների պատճառով:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարզում է, արդյոք «Շերեմետևոյում» հրդեհված ինքնաթիռում հայեր կային, թե ոչ։
«Հայտնում ենք, որ դեսպանատունը ճշտում է՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող ինքնաթիռում հայեր կային, թե ոչ», - նշվում է դեսպանատան Facebook-ի էջում։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածով, այն է «Օդային տրանսպորտի շարժման ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որի հետևանքով անզգուշության պատճառով երկու կամ ավելի մարդ է մահացել»։