Հարբած կնոջ միջադեպի ժամանակ ՃՈ աշխատակցի քայլերը բխել են անվտանգության նորմերից

Միջադեպի վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մայիսի 3-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես էր հարբած մի կին իր մարմնով «փակել» ճանապարհային ոստիկանության մեքենայի ճանապարհը: Միջադեպը տեղի էր ունեցել Հանրապետության հրապարակին մոտ՝ Ամիրյան փողոցում:

Այս առիթով ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, ըստ որի՝ կինը մոտեցել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենային, խոչընդոտել երթևեկությանը:

Մեքենայում եղել է ճանապարհային ոստիկանության մեկ ծառայող, որը կնոջ ձեռքում նկատել է կոտրված ապակու կտոր և անցանկալի հետևանքներից խուսափելու համար ռադիոկապով կանչել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության վերակարգերին:

Նա նաև հավաքված քաղաքացիներին բարձրախոսով հորդորել է պահպանել անվտանգ հեռավորություն:

Միջադեպի վայր են ժամանել ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները և կնոջը տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են: