ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Մեկ մարդ մահացել է, չորսը տուժել են Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռում բռնկված հրդեհի ժամանակ։
Թարմացում. զոհերի թիվը հասել է 13-ի. տեսանյութ
Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին։
Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող «Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը կիրակի երեկոյան շտապ վերադարձել է Շերեմետևո օդանավակայան ինքնաթիռում բռնկված հրդեհի պատճառով։
ԶԼՄ-ների տվյալներով՝ դժբախտ պատահարի զոհ է դարձել բորտուղեկցորդը (կամ բորտուղեկցորդուհին), որը շտապել է ուղևորներին օգնություն ցուցաբերելու. այս պահին այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։
ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ռոսավիացիային, հայտնում է, որ բարդ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ անգամից։ Վայրէջքի ժամանակ հենակները կոտրվել են ու շարժիչներն այրվել են։ Այսպիսով, չի հաստատվում տեղեկությունն այն մասին, որ հրդեհն օդում է բռնկվել։
Baza Telegram ալիքը հրապարակել է անձնակազմի ցանկը․ հրամանատար՝ Դենիս Եվդոկիմով, օդաչու՝ Մաքսիմ Կուզնեցով, բորտուղեկցորդներ՝ Տատյանա Կասատկինա, Մաքսիմ Մաքսիմով, Քսնեսյա Ֆիգել։