Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը զգալի կբարձրանան

Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մայիսի 8-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշում, որի համաձայն` քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով»,– նշել է նա:

Հակոբյանի խոսքով` Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է:

«Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»,– գրել է Կարապտեյանը:

Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր այս թեմայի մասին` նշելով, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։