ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը չգիտի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այս պահին որտեղ է։ Նա այդ մասին ասաց այսօր լրագրողների հետ զրույցում։
Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը նախկինի պես ակտի՞վ է մարզում, Պողոսյանը պատասխանեց, որ ոչ։ «Չէի ասի, որ ակտիվ է։ Ես առհասարակ չգիտեմ էլ, թե որտեղ է Սուրիկ Խաչատրյանը»,–ասաց նա։
Որպես նախկին փոխոստիկանապետ` անդրադառնալով ոստիկանության աշխատանքին` նա նշեց, որ այդ աշխատանքը պետք է ժողովուրդը գնահատի։ Այնուամենայնիվ, Պողոսյանը նշեց, որ ոստիկանության աշխատանքն ինքը նորմալ է գնահատում։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ լուրերի` Հունան Պողոսյանին նշանակեցին մարզպետ, որպեսզի մարզում քրեական ակտիվությունը կանխվի, արդյո՞ք այդ ուղղությամբ քայլեր արվել են` Պողոսյանն արձագանքեց, որ կարծում է` հանրապետությունում չկա այնպիսի տարածք, որտեղ նման ակտիվություն չկա։
«Խոսքը կենցաղում հանդիպող դեպքերի, պատահարների մասին է, որոնցով զբաղվում են պատկան մարմինները: Դուք երևի ճիշտ չեք ընկալել հարցն այն առումով, որ ես` որպես մարզպետ, համակարգելու եմ այդ աշխատանքները»,–ասաց Պողոսյանը։
Նա հավելեց նաև, որ քրեածին հանցավոր միջավայրով զբաղվում են պատկան մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ–ն, դատախազությունը, որոնք իրենց աշխատանքը նորմալ են կատարում։
Նշենք, որ երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել Սուրիկ Խաչատրյանը, որին մեղադրում էին կամայականությունների մեջ։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Խաչատրյանը ղեկավարել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային բաժինը։
Ավելի վաղ «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ, համատեղության կարգով օլիգարխ Սուրիկ Խաչատրյանը հանգրվանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում։
Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից