Նիկոլ Փաշինյանն այցելել է ջրերի գործարան, որտեղ պատրաստվում են նաև գարեջուր արտադրել

Գործարանի ղեկավարությունը նախատեսում է ավելացնել աշխատատեղերի թիվը և ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը հասցնել 300-350-ի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան` ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Պետությունը բիզնեսին ավելի շատ կտա, քան կստանա. ի՞նչ փոփոխության են ենթարկվելու հարկերը

«Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ: 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից։ Արտադրանքի 70 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստանի Դաշնություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը և արտադրել նաև գարեջուր: Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաև աշխատատեղերի թիվը. ներկայիս 100-ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300-350-ի:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել այդ ծրագրերի իրականացմանը: