Մարատ Ուելդանով-Գալստյանը Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան

Բաքվից Ռուսաստան տեղափոխված Մարատ Ուելդանով-Գալստյանի քույրը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իր ընտանիքին այս ընթացքում, այդ թվում՝ փաստաբաններին և Ռուսաստանի հայերի միության ղեկավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալստյանը Բաքվի բանտից տեղափոխվել է Ռուսաստան։ Մարատի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը, Այդ մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Մարատ Ուելդանով-Գալստյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 9-ին Բաքվում: Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թմրանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ:

«Ուռա՜։ Հաղթանա՜կ։ Մենք արեցինք դա։ Փորձությունների և տանջանքների երեք տարի Մարատի համար, բյուրոկրատիայի հետ պայքարի երեք տարի ինձ համար, և ահա նա Ռուսաստանում է», - գրել է Մարիաննան։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր հավատացել և աջակցել են իր ընտանիքին այս տարիների ընթացքում։ Մասնավորապես, նա երախտիքի խոսք է ուղղել փաստաբաններին, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։

Մարատը երկար տարիներ աշխատել է Բաքվում, պարբերաբար այցելել Մոսկվա: Նա ձերբակալվել էր 2016 թ.-ի հունիսի 9-ին։ Ձերբակալությունից մի քանի օր անց դեսպանատուն էր դիմել Մարիաննա Միրզոյանը՝ հայտնելով, որ ինքը ձերբակալվածի քույրն է, եղբոր իսկական ազգանունն էլ Գալստյան է։ Նա ասել էր նաև, որ եղբայրը ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության, այլ լրտեսության կասկածանքով։

Բաքվում պատրաստ են ընդունել հայ լրագրողներին

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված է ոչ թե հայկական ազգանունը, այլ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատն իր ընտանիքի հետ Բաքվից Ռուսաստան էր տեղափոխվել 1990-ականներին:

Մարատի ձերբակալության մասին քույրն իմացել էր նրա գործընկերոջից՝ Ելենա Մակարենկոյից, որին նույնպես ձերբակալել էին 15 օրով և պահել մեկուսարանում միայն այն բանի համար, որ նա Մարատի հետ գործնական հարաբերություններ է ունեցել։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել էր իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ազգային ենթատեքստ չի տեսնում Մարատ Ուելդանով-Գալստյանի ձերբակալության մեջ։

Ուելդանովի գործով դատական որոշումը հրապարակվել էր ապրիլի 28-ին. փակ նիստի ժամանակ դատարանը Մարատ Ուելդանովին 8 տարվա ազատազրկման էր դատապարտել:

2019թ-ի հունվարին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով–Գալստյանին վերադարձնել Ռուսաստան։