ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ չորեքշաբթի Երևանի ավագանու նիստում այս հարցն է քննարկվելու։
«Ըստ ներկայացվող նախագծի` Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար»,–գրում է թերթը։
Վարչական շրջանների ղեկավարները` թաղապետները, 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ։ Նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ է աճել՝ նախկին 1998 հաստիքի փոխարեն 2124 հաստիք կունենան։
«Հրապարակի» հարցին, թե այս աղքատ երկրում որտեղի՞ց միջոցներ, պատասխանել են, որ համայնքային բյուջեից են տրամադրվելու գումարները։