ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի շախմատիստները դեմ են, որ Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ անցկացվի։ Նրանք այդ հարցը հարցը լուծելու համար բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար: Դպրոցի տնօրենը Երևանի պատվավոր քաղաքացի, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է, որի անունով էլ կոչվում է դպրոցը: Վահանյանը տարիքի պատճառով չի կարող մասնակցել մրցույթին։
«Գրոսմայստերների համար մեծ անակնկալ էր նման մրցույթի անցկացումը: Ամբողջ շախմատային ընտանիքի և նրա շուրջը կանգնած մարդկանց կարծիքով, նման մրցույթի անցկացումը դիտվում է շատ բացասական: Ընդհակառակը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռաֆայել Վահանյանը շարունակի աշխատել և իր գիտելիքները փոխանցի ապագա սերունդներին: Մեր շախմատային ընտանիքը ուրախ է և շնորհակալ, որ Ռաֆայել Վահանյանը տնօրինում է իր անունը կրող դպրոցը և այդ մրցույթը չպետք է վերաբերվի մեր Լեգենդին, քանի որ նրա ամեն մի խոսքը, ամեն մի բացատրությունը, նրա ներկայությունը մեծ ներդրում է գալիք սերունդների զարգացման համար»,– նշված է շախմատիստների նամակում:
Ռաֆայել Վահանյանը համարվում է հայկական շախմատի կենդանի լեգենդ, նա ԽՍՀՄ հավաքականի կազմում 1984 և 1986 թվականների համաշխարհային շախմատի օլիմպիադաների, 1985 և 1989 թվականների աշխարհի թիմային առաջնությունների, 1980, 1983 և 1989 թվականների Եվրոպայի թիմային առաջնությունների չեմպիոն է:
Ռաֆայել Վահանյանը մեծ ավանդ ունի Հայաստանում շախմատի զարգացման և հանրահռչակման գործում: Հանդիսանալով իր անունը կրող դպրոցի տնօրենը՝ շարունակում է անգնահատելի ծառայություն մատուցել հայկական շախմատին:
Ռաֆայել Վահանյանը մեծ հեղինակություն է վայելում շախմատային աշխարհում, դեռևս 2008 թվականին աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկու և Ռումինիայի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ Բուխարեստ քաղաքում հիմնադրվել է Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակադեմիան: Ռաֆայել Վահանյանը արժանացել է մի շարք պետական պարգևների՝ 1985 թվականին «Աշխատանքային արիության համար», 2001 թվականին «Մովսես Խորենացու» մեդալով, 2011 թվականի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Միակ հայ շախմատիստն է, որ արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Առաջին հայ շախմատիստն է, որին շնորհվել է միջազգային գրոսմայստերի կոչում: