ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Այսօր հակառակորդի կրակոցներից վիրավորված Ագանիկ Զորոգլյանը Շիրակի մարզի Ողջի գյուղից էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Ողջի համայնքի ղեկավար Նորիկ Մկրտչյանը։
«Նա ծնողների հետ Մոսկվայում էր ապրում և անցած տարի հատուկ, մտածված վերադարձել է, որ գնա ծառայության։ Այս պահին էլ ծնողները Ռուսաստանում են»,–ասաց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով` ընտանիքը վաղուց է ՌԴ մեկնել` դեռ 10 տարի առաջ, բայց մինչ այդ հասցրել է գյուղի դպրոց հաճախել։
Նա հայտնեց նաև, որ տղան 1 տարի 4 ամիս է, ինչ անցել է ծառայության։
Այս պահին գյուղում ապրում են տղայի տատիկն ու պապիկը, ինչպես նաև հորեղբայրը։
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: