ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական հոսպիտալ` տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Facebook–ի իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն»,–գրել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` Արգիշտին խոսել է նախարարի հետ, պատասխանել մի քանի հարցերի։
Նախարարի հետ խոսելիս Արգիշտին նշել է, որ չի պատրաստվում երկար պառկել, քանի որ «իր պոստերին տիրություն անել է պետք»։
Հիշեցնենք, որ զինծառայողը վիրավորվել էր ապրիլի 30-ին, ժամը 14:20-ի սահմանում Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։ Նա վնասվածք է ստացել գլխի շրջանում, տեղափոխվել Երևան ու վիրահատվել։
Սեփխանյանը 32 տարեկան է, Լոռու մարզի Ախթալա համայնքից։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Արգիշտին տան ավագ որդին է, ամուսնացած չէ, ունի մեկ քույր և մեկ եղբայր։ Եղբայրը նույնպես պայմանագրային զինծառայող է։ Տղայի հայրը մահացած է, նա ապրում է մոր ու եղբոր հետ։ Քույրն ամուսնացած է։