ԲանՉիՓոխվել. որքա՞ն բենզին է օգտագործել ԿԳՆ–ն 2018 թվականին. նախարարի պարզաբանումը

Նախարարը կարդացել է մամուլի հրապարակումն ու որոշել է գրել պետական ավտոմեքենաների կրճատման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունում 2018 թվականին օգտագործվել է 12 տոննա բենզին: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր մի հրապարակում տեսա պետական ավտոմեքենաների մասին, որոնք իբր չեն կրճատվում: Տեղեկացնեմ, որ, օրինակ, նախորդ տարի՝ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգտագործվել է 12 տոննա բենզին՝ 2017 թվականի 24 տոննայի փոխարեն: Այսինքն խնայվել է տարեկան օգտագործվող բենզինի կեսը՝ 12 հազար լիտր կամ 50 տոկոսը: Տեղաշարժն էլ եղել է ըստ անհրաժեշտության, գործը չի տուժել»,– գրել է նախարարը։

Հարությունյանն իր գրառման վերջում ավելացրել է #ԲանՉիՓոխվել հեշթեգը։

Հիշեցնենք, որ դեռ 2018–ի մայիսի 17-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր գույքագրել ծառայողական ավտոմեքենաները և դրանց ծախսը՝ հասկանալու համար, թե ինչպիսի կրճատումներ են հնարավոր իրականացնել:

2019–ի փետրվարին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ կառավարության աշխատակազմից զատ, ծառայողական մեքենաները կկրճատվեն նաև մյուս պետական գերատեսչություններում:

Աղաջանյանն ասել էր, որ վարչապետը համապատասխան հանձնարարություն է տվել արդեն կառավարությանը ենթակա մարմիններին, իսկ կառավարությանը ոչ ենթակա մարմիններին այդ մասին առաջարկություն է ուղարկվել:

Լրատվամիջոցները, սակայն, գրում էին, որ էական կրճատումներ մինչ այս պահը չեն իրականացվել: