ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը վերադառնում է մրցագորգ։ Նա այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Մայիսի 17-ին Կրասնոդարում ես կրկին կվերադառնամ մրցագորգ, որպեսզի սկսեմ իմ ճանապարհը դեպի Տոկիո-2020, և վերցնեմ այն, ինչը պատկանում է ինձ»,– գրել է նա։
Ըմբիշը նաև տեսանյութ է հրապարակել, որն ավարտում է «Veni, vidi, vici» (Եկա, տեսա, հաղթեցի) հայտնի արտահայտությամբ։
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել է 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով նա արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։
Դրանից հետո ըմբիշը մասնակցում էր խառը մենամարտերի։